չորեքշաբթի, 6 նոյեմբերի 2013
Սպասումների խորհուրդը
Գալիք տարվա բյուջեի խորհրդարանական քննարկման անդրադարձը «ՌԱ»-ն խորագրել է «Կգործարկվեն նոր ծրագրեր»։ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի հետ զրույցում «Ժամանակին» առավելապես հետաքրքրել է, թե արդյո՞ք «Պատգամավորները բյուջետային հարցեր են ներկայացնում… իրենց բիզնեսի շահերից ելնելով»։ «Հրապարակը» ոչ միայն «գուշակել է», թե ԱԺ-ում «երկուշաբթի օրվանից կրքերը թեժանալու են» ու «համարձակ ելույթների, քննադատության պակաս չի լինելու», այլև բյուջեի գլխավոր պատասխանատու վարչապետ Տիգրան Սարգսյանի «ամենաակտիվ հակառակորդներ» որակել ԲՀԿ խորհրդարանականներին, ովքեր ըստ թերթի «հիմա մարզվում են»։ «Առավոտը» փորձել է մատնանշել «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի դրական և բացասական կողմերը («Բնակարանը գրավ է դրված»), «Ժողովուրդը»՝ վերստին մտահոգություն հայտնել թոշակների ուշացման առիթով («Թոշակառուներին սպասեցրել են»), «ՌԱ»-ն՝ արձագանքել արդյունաբերական քաղաքականության ռազմավարության արձանագրած դրական արդյունքներին, մի այլ հրապարակման մեջ՝ նշել գազի սուբսիդավորման վերաբերյալ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի մեկնաբանությունը։