հինգշաբթի, 7 նոյեմբերի 2013
Եզրահանգումներին սպասելիս
«Ժողովուրդը» նշելով, որ խորհրդարանի մշտական հանձնաժողովներում ավարտվել է 2014թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները, միաժամանակ կանխատեսել է հաջորդ շաբաթվա ԱԺ լիագումար նստաշրջանում «վարչապետ Տիգրան Սարգսյանին ու նրա կառավարությանը բավական ծանր օրեր» («Բյուջեի եկամուտները՝ կասկածի տակ»): «Բյուջե 2014-ին» անդրադարձում «ՀՀ»-ն փոխանցել է ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանի տեսակետը, ըստ որի այն «ևս կունենա սոցիալական ուղղվածություն», «Ժամանակը» ներկայացրել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանի «յուրատեսակ» հակադարձումը, թե «Բյուջեն սոցիալական անվանելը նույնն է, ինչ որ ասես արևը արև է, բաժակը՝ բաժակ», «168 ժամը»՝ զրուցել ԲՀԿ-ական խորհրդարանական Միքայել Մելքումյանի հետ՝ «Ի՞նչ սպասել 2014թ. բյուջեից»:
«Հայաստանի Հանրապետությունը» և «Հրապարակը» անդրադարձել են վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վ.Խրիստենկոյի երեկվա հանդիպման մանրամասներին: «Ժողովուրդը» փորձել է պարզաբանել, թե «Արագաչափերի բիզնեսը ո՞ւմ է հարստացնում», «Հայոց աշխարհը»՝ վերստին նշել, թե «որքան մոտենում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործողության մեջ մտնելու ժամկետը, այնքան դժգոհություններն ավելանում են» («Կենսաթոշակային բարեփոխումների լույսն ու ստվերը»):
«Հրապարակը» ձվի շուկայում ստեղծված իրավիճակը որակել է «անոմալիա»: Մի այլ հոդվածում թերթն արձագանքել է Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծերին ու գրել, թե իբր «դրանցից որ մեկի համար էլ կանաչ լույս վառվի՝ հրապարակը վերջնականապես «թունավորվելու» է»: