երեքշաբթի, 12 նոյեմբերի 2013
Վարձք առ խորհրդարան
«168 ժամը» «Պետական պաշտոնյաների վարձատրության մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունումը խորհրդարանում «որոշել» է որակել «Պարգևատրվող ամենաթողություն», «Ժողովուրդը»՝ իր հանգույն «վիճարկել» պատգամավորի կարգավիճակն առհասարակ՝ «ԱԺ դերն իջավ արդեն փոխնախարարի մակարդակի»: Խորհրդարանի երեկվա աշխատանքին անդրադարձել են նաև «Ժամանակը», «Հայկական ժամանակը», «Հրապարակը», «Առավոտը»:
«Ազգը» պարզաբանել է, թե Հայաստանում արտաքին առևտրի կառուցվածքի ինչ փոփոխություններ են եղել այս տարի և, առհասարակ, «Ի՞նչն ենք ավելի շատ սկսել արտահանել, ի՞նչը՝ ներմուծել»: «Ժողովուրդի» հետ զրույցում ֆինանսների նախարարը հայտարարել է, որ «ՀՀ տնտեսությունն աճում է», և «կառավարությունն էլ իր առջև դրած թիրախային խնդիրները լուծելով առաջ է շարժվում», «168 ժամը» փոխանցել է ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի կարծիքը, ըստ որի ՓՄՁ ոլորտում պետք է քննարկման առարկա դարձնել «ոչ թե կետային, այլ համակարգային լուծումներ» («Ազատե՞լ, թե՞ չազատել ՓՄՁ-ը հարկերից»), «Հրապարակը» 2014թ. պետական բյուջեին անդրադարձում պնդել, թե «2014թ. ամենաաղքատներն ավելի կաղքատանան»: Սոցիալական հիմնախնդիրներ է արծարծել նաև «Գոլոս Արմենիին»:
«Հայոց աշխարհի» փոխանցմամբ երեկ Հանրային խորհուրդն իր վերջնական դիրքորոշումն է հայտնել «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի հետագա ճակատագրի վերաբերյալ՝ «Կլոր շենքը չեն քանդի, եթե այն ճանաչվի որպես պատմամշակութային արժեք»: