չորեքշաբթի, 13 նոյեմբերի 2013
Գլուխ գլխի, ուս ուսի…
Հայրենի իրականության մեջ հաճախ են ասպարեզ իջնում ռոմանտիկ գործիչներ, որոնք երկրի բոլոր չարիքների համադարման են համարում ազգի մասնատված ուժերի համախմբումը: Այսօր այդ դերում հանդես է եկել Երվանդ Ազատյանը («Ազգ»): Թվարկելով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, հատկապես արտագաղթը, այս գործիչը Դետրոյթի իր հեռվից հաջողություն է ակնկալում միայն այն դեպքում, «երբ կառավարությունն ու ընդդիմությունը գլուխ գլխի տան, միասնական ջանքերով փորձեն լուծումներ գտնել…» և այլն: Եթե Ազատյանի ուզածի պես լինի, ապա իշխանությունն ու ընդդիմությունը կնույնանան, ինչը նրանց ծրագրերով նախատեսված չէ:
Շատ ավելի արմատական լուծման կողմնակից է դարձել մեկ այլ հայրենի գործիչ՝ Գառնիկ Իսագուլյանը («Ժամանակ»): Հույսը կտրելով, որ այս իշխանության օրոք երբևէ կրկին պահանջված կլինի պետական աստիճանակարգում, նա «ներկա փուլում» առաջնայինը իշխանափոխությունն է համարում, ընդ որում՝ «բոլոր մակարդակներով», որպեսզի երկրում «իրավիճակ փոխվի»:
«Հրապարակը» այս էլ որերորդ անգամ անհանգստացած, ավելին՝ տագնապած է երկրի արտաքին պարտքի ծավալով, «ՀԺ»-ն անարդյունավետ է համարում կառավարության հրավերով տարբեր երկրների լրագրողների կոլեկտիվ այցերը Հայաստան, իսկ «Ժողովուրդը» փոխանցում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության փափագը՝ ամսի 14-ին STOP-ի երթ անցկացնել և քննադատել կառավարության վարած քաղաքականությունը:
Ըստ «Իրավունքի» «ԲՀԿ-ն ամենայն հավանականությամբ կողմ չի քվեարկի բյուջեին»: «Հայոց աշխարհի» հետ զրույցում ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը «մեր տնտեսության լոկոմոտիվներից» և «բյուջեի կատարման կարևորագույն գործոններից մեկը» համարել է Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտները, առանց որոնց «տնտեսությունը կհայտնվի լրջագույն փորձության առջև»: «Ժողովուրդի» տեղեկությամբ 46 ընկերությունների աշխատակիցներ դեմ են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի «պարտադիր» բաղադրիչին («Ընկերությունների աշխատակիցները չեն վստահում պետությանը»), ուստի «ԱԺ ոչ կոալիցիոն 4 խմբակցությունները պատրաստվում են խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել՝ «օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու նպատակով» («Դժգոհությունների նոր ալիք է հասունանում»):
«Հայոց աշխարհը» նշել է, որ չնայած գազի ներքին սակագինը հաշվարկված է սահմանի վրա 189 դոլար արժեքով, «այդուհանդերձ Հայաստանը ռուսական գազը շարունակում է ներմուծել շատ ավելի բարձր գնով»: «Ազգը» տեղեկացրել է, որ ըստ ՎԶԵ բանկի նոր կանխատեսման տնտեսական աճը կլինի 2,5 տոկոս: Թեման արծարծել է նաև «ՀԺ»-ն, որը հընթացս, ՀՀ ԿԲ-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի կես տոկոսով նվազեցման որոշման առիթով, կարծիք է հայտնել նաև, թե իբր «բանկը միտումնավոր գնում է գնաճի խթանման»: