ուրբաթ, 22 նոյեմբերի 2013
Քծնանքի և շողոքորթության ժամանակը
Գառնիկ Իսագուլյանի կարծիքով «քծնող ու շողոքորթող տեսակն այսօր պահանջված է, և դա է առկա սխալների ու թերացումների հիմնական պատճառը» («Իրատես դե ֆակտո»)։ Ուրիշ մտքեր էլ է արտահայտել այս գործիչը, մտքեր, որոնք «բովանդակությամբ ավելի շատ առակ են հիշեցնում»։
Տպագիր մամուլի հարցազրույցները երկարաշունչ են։ Վազգեն Մանուկյանը, տեղի տալով «Հայացքի» թղթակցի այն պնդմանը, թե «այսօրվա մեր քաղաքական իրավիճակը պայթյունավտանգ է», համաձայնում է, որ «ժողովրդի մեջ կա դժգոհություն իշխանություններից» և հավելում՝ «բայց և չկա վստահություն ընդդիմության նկատմամբ»։ Նույն թերթի նույն թղթակիցը «պայթյունավտանգ» բնորոշումը պարտադրում է նաև Կարինե Աճեմյանին՝ հարցազրույցի վերնագիր դարձնելով պատգամավորի հայտնած բազում մտքերից մեկը՝ «Այսօր մեր երկրում շատ բացասական մթնոլորտ է ձևավորված»։
Մանկավարժական համալսարանի ուսանողներին «հատուկ դասախոսությամբ» հանդիպել է Էդուարդ Շարմազանովը և պարզաբանել, որ «դեպի Մաքսային միություն մեզ տանում է պետական շահը» («Իրավունք»)։ Կարինե Մինասյանն էլ «Դելովոյ էքսպրեսում» հայտարարել է, որ Հայաստանի ՀՆԱ-ի աճի ներուժը ՄՄ-ին անդամակցելու պահին գնահատվում է «տարեկան մինչև 4,5 տոկոս»։
Վարչապետի Սանկտ Պետերբուրգի հանդիպումներն ու կառավարության երեկվա նիստի հարցերն են արծարծում «ՀՀ»-ն,«Ժողովուրդը»,«ՀԺ»-ն,«Իրատես դե ֆակտոն», «ՌԱ»-ն։
«Ազգը» անդրադարձել է կենսաթոշակային նոր համակարգի կիրառմանը դեմ քաղաքացիների երեկվա բողոքի ակցիային («Պարտադիր կուտակային համակարգ՝ դժգոհություններ և փաստարկներ»)։ «Հրապարակը» նախ ուշագրավ է համարել, որ բողոքողները եղել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները, ըստ թերթի՝ «երկրի ապահովված խավը» («Այս իշխանությանը վստահել չի կարելի»), ապա ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արթուր Գրիգորյանի տեսակետները («Կուտակային բարեփոխումների շուրջ աղմուկն անհիմն է»)։ Թեման արծարծել են նաև «Հայկական ժամանակը», «Ժողովուրդը» և «Իրատես դե ֆակտոն», որը հարց է առաջադրել, թե «Գուցե սկզբում կամավո՞րը կիրառենք»։
«Իրավունքը», վկայակոչելով պաշտոնական վիճակագրության տվյալները, գրել է, որ «Անցած տարվա համեմատ՝ տնտեսության աճի դինամիկան վատացել է», «Հրապարակը»՝ հավելել, թե «անկման ծավալներում ամենամեծ մասնաբաժինը գյուղատնտեսության համախառն արտադրանքն է» («Մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ»)։ «Առավոտի» հետ զրույցում ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը ներկայացրել է ՓՄՁ-ների հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ տեսակետներ՝ միաժամանակ կարևորելով բյուջեով հարկերը չավելացնելու և քաղաքականությունը ստվերի կրճատմանն ուղղելու կառավարության նախաձեռնությունը («Միկրոբիզնեսն հարկերից ազատելով՝ արտագաղթն էլ կկանգնի»)։ «Հայկական ժամանակը» արձագանքել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ խոշոր սպառողների սպասարկման դեպարտամենտի աշխատակիցների բողոքի ակցիային՝ «Մինչև Պուտինը գա»։
«Իրատես դե ֆակտոն» նշել է բանաստեղծ Արտեմ Հարությունյանի ծննդյան 70-ամյակը։ Հոդվածի հեղինակն է Ալ. Թոփչյանը, ով տասնամյակներ առաջ «գրական պրոցեսի քաոսի միջից անսխալ զատել է» այս բանաստեղծի անունը։