չորեքշաբթի, 11 դեկտեմբերի 2013
Պետբյուջեի նախագիծ. ԱԺ վերջին «գրոհը»
Տեղեկացնելով, որ ԱԺ արտահերթ նիստն անցնում է կիսադատարկ դահլիճում, «Հրապարակը» բացահայտել է բուն քվեարկության տեխնոլոգիան. իբր, ԲՀԿ-ն դեռ չի որոշել իր վերաբերմունքը բյուջեի նախագծին և այն կհստակեցնի այսօր: Թերթը ենթադրում է նաև, որ բյուջեի քվեարկության օրը այս կուսակցությունից «անհետաձգելի գործուղումներ» կարող են լինել: «Բյուջետային օրվա» այլևայլ մանրամասներին են անդրադառնում «Իրավունք-հետաքննությունը», «ՀԱ»-ն, «Ժողովուրդը», «Ժամանակը», «ՀԺ»-ն՝ սահուն անցում կատարելով խորհրդարանական մյուս՝ կուտակային կենսաթոշակի համակարգի թեմային:
«Ժողովուրդը» նկարագրում է ոսկու շուկայում երեկ սկսված ստուգման ընթացքը՝ «Ոսկերիչներին արգելում են աշխատել» և զրկում նախատոնական օրերին «մի քանի կոպեկ» վաստակելու հնարավորությունից:
«Հրապարակն» անդրադարձել է կառավարության վաղվա նիստի հարցերից երկուսին: Առաջինով թերթը մատնանշում է, թե «ո՞ւմ ականջներն են երևում «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվության ինստիտուտի թիկունքում. գործադիրն, իբր, պատրաստվում է այս հիմնարկությանը գույք օտարել 4,5 անգամ ավելի էժան, քան տվյալ վարչական շրջանի գույքի մեկ քառակուսի մետրի արժեքը: Մյուս որոշման նախագիծը վերաբերում է տրամադրվող սուբսիդիաների ծախսման արդյունավետությանը և նպատակ ունի ուժեղացնել «միլիարդների հասնող գումարների իրացման վերահսկողությունը»:
«Ազգը» վերստին արձագանքել է «Գենդեր» եզրույթը համապատասխան «օրենքից հանելու» «40-ից ավելի հկ-ների ու մտահոգ անձանց» հորդորին: Մի այլ հրապարակման մեջ թերթը մանրամասներ է ներկայացրել ԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի երեկվա ասուլիսից՝ «Եկող տարվանից Հայաստանում կգործի բյուջետային ավիաընկերություն, իսկ «բաց երկնքի» քաղաքականությունը արդեն բերում է ավիատոմսերի էժանացման»: «ՀԺ»-ն և «ՌԱ»-ն տարբեր կերպ են գնահատել ՄՄ-ը անդամակցության հեռանկարները (համապատասխանաբար՝ «Մանանա օլիգարխներին» և «Հնարավորությունների պատուհան»): «Հայոց աշխարհը» շարունակել ու ավարտել է զրույցը ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ («Խորհրդարանում ունենք հստակ պատկեր»), «Ժամանակը» հրապարակումներից մեկում նշել է Բնապահպանության նախարարության խոշորամասշտաբ ստուգումների մասին («Օլիգարխների ապօրինի ձկնաբուծարաններն Արարատում կփակվե՞ն»), մյուսում՝ հայտարարել, թե իբր «Կառավարությունը ցանկանում է փակել ՄԻՊ մարզային գրասենյակները»: