երեքշաբթի, 17 դեկտեմբերի 2013
Մաքսայինին սպասելիս
«Ժողովուրդն իր ուսերին նախ և առաջ զգալու է պարենամթերքի թանկացման ծանր բեռը», - այս «անհերքելի» իրողությունն է անառարկելի տոնով գուշակում «Հրապարակը»: Դա խելքին մոտ է, բայց միանշանակ չէ, առարկում է «ՀԱ»-ն, քանի որ «Հայաստանի ներմուծման գերակշիռ մասը՝ 44 տոկոսը, կատարվում է այլ երկրներից»: Մեկ այլ ցուցանիշ է վկայակոչում «Գոլոս Արմենիին». «Ռուսաստանի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը վերջին տարիներս անշեղ աճում է և գերազանցել է տարեկան 1,2 մլրդ դոլարը»: Ավելի առաջ է գնացել «Ազգը»՝ համադրելով Հայաստանի, Ադրբեջանի, ԱՊՀ և ԵՄ մի քանի երկրների տնտեսական ցուցանիշները. դրանցով մեր երկիրը ոչ միայն չի զիջում, այլև գերազանցում է շատերին: «ՀԺ»-ն մտահոգված է Արզամաս քաղաքի հայերի վիճակով, իսկ «Իրատես դե ֆակտոն» խնդիրը դիտարկում է «Ի՞նչ են տալիս Հայաստանին հակառուսական տրամադրությունները» հարցադրման համապատկերում:
Գազի խնդիրը մնում է օրակարգում և նույնիսկ կարող է Ազգային ժողովի ևս մեկ արտակարգ նիստի քննարկման առարկա դառնալ՝ «ՀԺ», «Հրապարակ»: «Ժամանակը» շարունակում է կուտակային կենսաթոշակի համակարգի ներդրմանը թեականություն հաղորդել՝ վկայակոչելով այսօր տեղի ունենալիք բողոքի քայլերթը:
Բայց և այնպես մամուլում զգացվում է Ամանորի շունչը. «Իրավունքի» զրուցակից-նախարարներն ստիպված են պատասխանել թղթակցի մի քանի հարցի: