շաբաթ, 28 դեկտեմբերի 2013
Ասելու և լսելու արվեստը
ՀՀ վարչապետի՝ մասնակիցների և հարցերի թվով, տևողությամբ և թեմաների ընդգրկմամբ աննախադեպ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը նույնքան աննախադեպ արտացոլում գտավ մամուլում։ Հ2 և Արմնյուզ հեռուստատեսությունները ուղիղ հեռարձակմամբ ցուցադրեցին ասուլիսի ամբողջ ընթացքը՝ երեկոյան հեռուստադիտողին ներկայացնելով առանձին հատվածներ։ Այսօր հանդիպման սղագրությունը տպագրել է «Հայաստանի Հանրապետությունը», դեռևս արձակուրդում չգտնվող օրաթերթերը՝ «Հրապարակը», «Հայկական ժամանակը», «Նովոյե վրեմյան» ներկայացրել են ասուլիսի շարադրանքը։ «Հրապարակի» ամփոփագրից կարելի է եզրակացնել, որ թղթակցի ներկա լինելը և վարչապետին հարցեր ուղղելն ու պատասխան ստանալը ոչ մի նշանակություն չեն ունեցել թերթի համար։ Ինչպես հանդիպումից առաջ, այնպես էլ հետո «Հրապարակը» չի փոխել իր տպավորությունը՝ «Համաշխարհային տնտեսությունն աճում է, իսկ մերը դոփում է տեղում»։ Իր խոստովանությամբ, աննախանձելի վիճակում է հայտնվել «ՀԺ»-ն։ Վարչապետին հարց տալու հնարավորություն նա չի ստացել, և իր վեր պարզած ձեռքն այդպես էլ մնացել է օդում. «մեղմ ժպիտով նրան մերժել են»։ Այնուամենայնիվ, թերթն իր անփոփոխ դիրքորոշումն է հայտնել՝ «4 ժամ խոսեց, ոչինչ չասաց»։ «Նովոյե վրեմյան» ոչ միայն ստացել է իր հարցերի պատասխանը, այլև հակիրճ ներկայացրել ասուլիսում արծարծված բոլոր կարևոր թեմաները։
Պե՞տք էր արդյոք
Եվս մեկ անգամ ներկայացնելով Հայաստանի 2013թ. լավագույն մարզիկների ցանկի երկու՝ Սպորտի նախարարության և օլիմպիական կոմիտեի վարկածները, «Հրապարակը» անարդյունավետ է համարում նոր նախարարի գործունեությունը և հույս հայտնում, որ եկող տարի «հայկական սպորտի ղեկավարները լեզու կգտնեն իրար հետ», ինչից կշահեն մեր մարզիկները։
Մեռնելուց առաջ պետք է ապրել
Այս մտքով է տոգորված «Նովայա գազետա» ռուսալեզու թերթում տպագրված Շառլ Ազնավուրի հարցազրույցը, որն արտատպել է «Նովոյե վրեմյան»։