հինգշաբթի, 20 փետրվարի 2014
Փոփոխությունների օրակարգ
«Ժամանակը» կառավարության այսօրվա նիստի քննարկմանն ու հաստատմանը ներկայացված «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2014թ. միջոցառումների ծրագիրը» որակել է «հերթական փաստաթուղթ»՝ ուղղակիորեն կապված միջազգային կառույցների զեկույցներում «Հայաստանի դիրքի բարելավման հետ», «չմոռանալով անվանակոչել» փոքրածավալ հոդվածը «Կառավարությունը դարձյալ սպառնում է «բարելավել» գործարար միջավայրը»։ «Հրապարակը» «միացել» է, թե «Կառավարության նիստի օրակարգում զարմանալի հարցեր կան», «ՀԺ»-ն՝ «քննության առարկա դարձրել» «Ռասիա ՖԶԵ» ներդրումային ընկերության նախագահի հետ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպման մանրամասները, որոնք վերաբերում են Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման «ճանապարհային քարտեզի» ստեղծմանը և ընկերության՝ Դուբայ քաղաքում գրանցված լինելուն («Կրկին դեպի օֆշորներ»), «168 ժամը»՝ փոխանցել գյուղոլորտի ներկա վիճակի մասին ԲՀԿ-ական խորհրդարանական Լյովա Խաչատրյանի դիտարկումը՝ «Դեմքով դեպի գյուղը շրջվելուց հետո գյուղացին սկսեց ավելի աղքատանալ»։
«Հայոց աշխարհը» և «Առավոտը» ներկայացրել են նախորդ տնտեսական տարվա («Տնտեսական անորոշությունը շարունակվում է»), ՄՄ անդամակցության պարագայում առևտրի ծավալների, ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխությունների հետևանքների վերաբերյալ («180 միլիոն դոլար տրանսֆերտ Հայաստան չի մտնի») ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանի տեսակետները։
«Ոսկե միջինի» որոնումը
Կուտակային կենսաթոշակների թեման շարունակում է մնալ մամուլի ուշադրության կենտրոնում։ «Ժողովուրդը» «վիճարկել» է ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարության երեկվա հայտարարությունը, որը գործատուներին հիշեցնում է, որ «կուտակային վճարները ենթակա են փոխանցման» համապատասխան գանձապետական հաշվին («Կառավարության հայտարարությունը սադրա՞նք է»), «168 ժամը» տարբեր հրապարակումներում ներկայացրել է համակարգի վերաբերյալ Ֆինանսների և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների պարզաբանումները։ Թեման արծարծել են նաև «Առավոտը» («Լավ օրից չէ, որ գնացել ենք այս քայլին» և «Կուտակային «ախմախության» մեխանիկան»), «Հրապարակը» («Օրգանների փոխատեղությունն ակնհայտ է» և «Բոլշևիկներն էին մարդկանց, իրենց կամքին հակառակ, երջանիկ սարքում») և «Հայոց աշխարհը» («Կարողանալ գտնել «ոսկե միջինը»»)։
«Անվստահության ուրվականը»
«168 ժամը» անդրադարձել է կառավարությանն անվստահություն հայտնելու «խորհրդարանական չորս ոչ իշխանական խմբակցությունների» համաձայնության չկայացման պատճառաբանություններին («Ցանկացած սցենարի» բեմադրությունը հետաձգվում է» և «Ինչու է հետաձգվում կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը»)։ «Հայոց աշխարհը» փոխանցել է ՀՀԿ-ական խորհրդարանական Արտակ Դավթյանի տեսակետները («Սատանան բաժանում է, Աստված՝ միացնում»), «Առավոտը»՝ փորձել ներկայացնել «խնդրո առարկան» ըստ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի («Ընդդիմության խնդիրները՝ երբ անել»), «ՀԺ»-ն՝ տեղեկացրել, որ «խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը երեկ համատեղ ընդհատակ էին անցել, այսօր կրկին փակ նիստ են անելու»։
Այլևայլ
«Հայաստանի Հանրապետությունը» տեղեկացրել է, որ սկսվել է սոցիալական բնակարանների կառուցումը և «առաջին փուլում բնակարան կստանա 195 ընտանիք»՝ հղում կատարելով լրագրողների երեկվա հանդիպման ընթացքում Քաղաքաշինության նախարարի հայտարարությանը։
«Ժամանակը» արձագանքել է Գագիկ Ծառուկյանի ելույթին՝ «Այնուամենայնիվ, ինչո՞ւ խոստացավ, բայց չանկեղծացավ «Շանգրի Լա»-ի սեփականատերը»։
«Ժողովուրդը» անդրադարձել է «տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման» նպատակահարմարությանը՝ «Նաիրիտի» հարցը կճանաչվի հրատապ», մի այլ հրապարակման մեջ «չմոռանալով» հարց առաջադրել, թե «Հնդկաստանից ներկրված դեղամիջոցները կեղծվա՞ծ են»։