չորեքշաբթի, 5 մարտի 2014
«Թռիր վերև, իջիր ցած…»
«Այլընտրանքի առաջնորդին» խաղի մեջ ներքաշելու ՀԱԿ առաջնորդի փորձերը բնութագրելու համար Էդ. Շարմազանովը «Առավոտի» հետ զրուցելիս դիմել է հին հունական դիցաբանության օգնությանը: ԱԺ փոխնախագահը հույս ունի, որ այս երկու կուսակցություններում ծանոթ են Իկարոսի և Դեդալոսի առասպելին, երբ որդին՝ Իկարոսը, չի լսում հորը՝ Դեդալոսին և «շատ-շատ վերև» է թռչում: Առասպելի ավարտը ողբերգական է. Արևն այրում է Իկարոսի մոմե թևերը և նա վայր է ընկնում ու կործանվում…
Մամուլի դրդմամբ ընթերցողի մտքերը շարունակում է զբաղեցնել Ծառուկյան-Իվանիշվիլի համեմատությունը՝ «Գիտեն, թե ինչ տարբերություն, բայց չեն ասում» («ՀԺ»):
«Ժողովուրդը» հետաքրքրված է Կառավարության նախորդ և առաջիկա նիստերում քննարկված-քննարկվելիք հարցերով՝ գազի կալորիականությունն ստուգող հանձնաժողովի ձևավորում, ԿԱ ճարտարապետության պետական կոմիտեի պահպանման ծախսի հատկացում, «Վերահսկիչ պալատի մասին» օրենքի փոփոխություն և այլն:
Մրցում ենք բոլորս
Դատելով մամուլի հրապարակումներից, երկրի տնտեսության զարգացման հարցերի նախանձախնդիր քննարկում է ծավալվել Հայաստանի ազգային մրցունակության հերթական զեկույցի շնորհանդեսին, որտեղ ելույթ է ունեցել վարչապետը՝ «ՀՀ»: Զեկույցի շարադրանքը տպագրել է նաև «Առավոտը» և շեշտադրել հետևյալ եզրակացությունը. «Եթե ՀՆԱ-ն այս տեմպերով աճի, 2040 թվականին այլևս զարգացած տնտեսություն չենք ունենա»: «ՀԱ»-ն մեջբերել է վարչապետի այն միտքը, թե «այսօր Կառավարության առաջնահերթություններից մեկը մրցակցային արդար դաշտի ձևավորումն է» և հետո՝ «հավասար մրցակցային դաշտը տնտեսության շարժիչն է»:
«Հրապարակը» լուսաբանել է հայրենական ապրանք արտադրողների միության 6-րդ համագումարի աշխատանքը, որին մասնակցել է վարչապետը: Արձանագրելով, որ ապրանք արտադրողները «դժգոհություն չհայտնեցին Կառավարությունից, թերթն, այնուամենայնիվ, նշում է՝ «գործարարները դժգոհում էին կիսաձայն»:
Հայ-ռուսական
«ՌԱ»-ն գազի վերաբերյալ հայ-ռուսական համաձայնագրերի անկյունաքարը համարում է սակագների իջեցումը, հարց, որը համակողմանիորեն քննարկվել է Երևանում տեղի ունեցած «կլոր սեղանի» շուրջ:
Օրինակ բերելով հարևան Իրանի փորձը, «Ժամանակը» մատնանշում է այն բացասական հետևանքները, որոնք կարող են պատուհասել Հայաստանը՝ եթե ԱՄՆ-ը տնտեսական «լուրջ պատժամիջոցներ» կիրառի Ռուսաստանի նկատմամբ:
«ՀԱ»-ն արդեն իսկ արձանագրում է, որ մեր արժութային շուկայում «ուժեղ ճնշում է նկատվում ազգային արժույթի թուլացման ուղղությամբ»:
«Ժողովուրդի» զրուցակցի՝ «ՓՄՁ զարգացման կենտրոն» Հ/Կ նախագահ Քնարիկ Մալխասյանի դիտարկմամբ «Հայաստանում ՓՄՁ-ները փակվում են», քանի որ հայտնվել են անհավասար մրցակցության մեջ:
«Ժամանակը» գուշակում է, որ հասունանում է ՀՀ երկրորդ նախագահ – ՀՀ վարչապետ «երկրորդ բուռն բանավեճը», որի թեման կարող է լինել «Նաիրիտ» գործարանը:
«Կենտրոն» նոտարական գրասենյակի նոտարը «նախկին» դառնալուն պես պարզել է, որ «նախարարի նշանակած նոտարներից մի քանիսը հայտնի մարդկանց ազգականներն են» («Իրավունք-հետաքննություն»):