երեքշաբթի, 18 մարտի 2014
«Հրաշալի քառյակի» երգացանկը
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը դժվարանում է ասել, թե «ի՞նչ հույսով է» քառյակը նախաձեռնել կառավարության հրաժարականը, երբ «խորհրդարանում կա բացարձակ մեծամասնություն»: Գուցե հույսն այն է, որ «Հանրապետական մեծամասնությունից շատ պատգամավորներ «առնետավազքի» կենթարկվեն, կմիանան այդ նախաձեռնությանը…»
(«168 ժամ»): Ի դեպ «Հրապարակի» զրուցակից Արամ Մանուկյանը նույնպես հուսով է, որ ՀՀԿ-ն ամբողջությամբ չի պաշտպանի Տիգրան Սարգսյանին»: Մանվել Սարգսյանի դիտարկմամբ «ԲՀԿ-ն տարիներ շարունակ ապացուցում է՝ ինչպես պետք է ծառայել գործող իշխանությանը»: Այսօրվա մամուլում հարցերն ավելի շատ են, քան պատասխանները՝«Ի՞նչ պայման է դրել Րաֆֆի Հովհաննիսյանը Գագիկ Ծառուկյանի առաջ», «Ի՞նչ է անելու Քոչարյանը» «մեծ կոնսոլիդացիայի» ձախողումից հետո» («Ժամանակ»), «Ծառուկյանի աշխատասենյակի զրույցը ձայնագրվե՞լ է» («Ժողովուրդ»): Զրուցելով «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ, «168 ժամը» եզրակացրել է, որ «Ծառուկյան- Հովհաննիսյան» հանդիպման տեսագրմանը դեմ է եղել «Ժառանգությունը»:
Կուսակցական-պետական հիմնախնդիրներ են արծարծվել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հարցազրույցում, որը տպագրել է «Իրատես դե ֆակտոն»՝ «Քաղաքականության մեջ ես մեծ տեղ եմ տալիս ազնվությանը»:
ՏՏ ոլորտի հարկային արտոնությունները
Խնդիրը հրատապություն է ստացել կառավարության նախորդ նիստից հետո, երբ գործադիրը հանդես եկավ ոլորտին հարկային արտոնություն տալու նախաձեռնությամբ: ՏՏ ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն այն կարծիքին է, որ արտոնությունները «կմեղմեն արտագաղթը» («Իրատես դե ֆակտո»): Միանգամից երկու թերթի՝ «168 ժամին» և «Գոլոս Արմենիին» հարցազրույց է տվել «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Գնահատականը նույնպես դրական է՝ «Կառավարությունը ՏՏ ոլորտի բիզնեսի համար ավելի լավ պայմաններ պետք է ստեղծի»:
Մանկավարժական համալսարանում բացված Արմեն Հովհաննիսյանի և Ստեփան Պողոսյանի անվան լսարանների կահավորմանը հոդվածներ են նվիրվել «Իրատես դե ֆակտոն» և «Հրապարակը»: Մասնավորապես, շեշտվել է «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի դերը, որի շնորհիվ բացվել են ստուդիան և լսարանը:
Կենսաթոշակի «նորովի» մեկնություններ
«Ժողովուրդը» անդրադարձել է կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի կիրառման դեմ ԳԱԱ մի քանի տասնյակ երիտասարդ գիտաշխատողների երեկվա բողոքի ակցիային, «Հրապարակը» նրանց դժգոհության մեջ նշմարել է սպառնալիք: «ՀԺ»-ն նախ հիշատակել է նոր համակարգի ներդրման հեռանկարի վերաբերյալ ՀՀ նախագահի ու վարչապետի՝ տարբեր ժամանակներում ներկայացրած ընդգրկուն պարզաբանումներից հատվածներ, հետո էլ… «որոշել», թե «կենսաթոշակային համակարգի այս ամբողջ բարեփոխման իմաստն այն է, որպեսզի Հայաստանում աշխուժանա շինարարությունը»: Ավելի «հեռուն է գնացել» «Ժամանակը», ներկայացնելով ԱԺ Կրթության, գիտության և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի կատարած դիտարկումները՝ «40.400 դրամ. երիտասարդ պատգամավորները հաշվել են նոր համակարգի «արժանապատիվ» կենսաթոշակը»:
Այլևայլ
«ՀՀ» փոխանցել է «Արմենպրեսի» հետ զրույցում Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանի արտահայտած կանխատեսումը, ըստ որի ՄՄ-ը Հայաստանի անդամակցումից կշահի գյուղատնտեսությունը:
«Ժամանակը» բիզնեսի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու ԲՀԿ առաջնորդի դիտարկմանն ի պատասխան գրել է, թե Ծառուկյանն « առաջիններից մեկն էր, որ վերջ դրեց փոքր ու միջին բիզնեսի ծաղկմանը» և «վերահիշատակել» ֆրանսիական Castel ընկերության դեպքը:
«Նովոյե Վրեմյան» Ղրիմի հանրաքվեին արձագանքել է «Ղրիմահայերը» հոդվածով, որը դեպքերի պատմաքաղաքական ակնարկ է: