չորեքշաբթի, 2 ապրիլի 2014
Երեք օր, երեք գիշեր…
Ի տարբերություն «հրաշալի քառյակի» մյուս ներկայացուցիչների, ԲՀԿ-ական Վահան Բաբայանը «շատ լավ հասկանում է», թե ինչ է անելու մինչև ապրիլի 28-ը և ապրիլի 28-ից հետո: Պատգամավորը իշխանությանը «բարիկադներ ու ցնցումներ» է խոստանում, ուստի հայտնվել է «Իրավունքի» «Ընկ. Փանջունու հյուրի» կարգավիճակում: Արձանագրելով, որ «իշխանությունը պատրաստվելու մեկ ամիս ժամանակ ունի», «Ժամանակը» մեկ այլ նյութում հավանական է համարում, որ «մենք ականատես ենք լինելու հասարակության դեմ խաղացվող չար կատակի»: Քառյակի «շուրջօրյա ցույցերի» հեռանկարը ոգևորել է «Հրապարակի», «ՀԺ»-ի, «Ժողովուրդի» և հատկապես «Առավոտի» աշխատակազմերին` «Մեր` լրագրողներիս տեսանկյունից դա, անշուշտ, խիստ ողջունելի նախաձեռնություն է` լուսաբանելու նյութ կա»: Ինչ վերաբերում է իշխանական գործիչներին, ապա նրանցից Հովհաննես Սահակյանը բացառում է, որ «իրենց մեջ առնետներ լինեն» («ՀԺ»), Սամվել Նիկոյանի կարծիքով «հրաժարականը կազմաքանդման պրոցես է, դա խնդրի լուծում չէ» («Իրավունք-հետաքննություն»), Հերմինե Նաղդալյանն էլ «բարիկադի և այլնի վերաբերյալ այդ հոխորտանքը» ընդամենը ծխածածկույթ է համարում, կամ «աչքերին թոզ փչելու միջոց» («Առավոտ»):
«Միշտ մի աղետ, մի վնաս գալիս է մեզ անպակաս»
Այս անգամ իսկական աղետի վերածվեց մարտի վերջին անսպասելի տեղացած ձյունը: «Բնության պատուհասը մի քանի օրում այնպիսի ավերածություն արեց, որի նախադեպը ոչ ոք չի հիշում»,- համոզված պնդում է «Հրապարակը»` «Բնական աղետ, ռիսկային գյուղատնտեսություն և միայնակ գյուղացի»: ՄԱՊ ընկերության սեփականատեր, պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, ով նախորդ աղետներից մեկի ժամանակ տուժածների օգտին դրամահավաք էր նախաձեռնել, այս անգամ ասում է. «Աղետ է եղել, և պետությունը պարտավոր է ինչ-որ չափով մարդկանց ձեռքը բռնել» («Իրավունք-հետաքննություն»):
«Տխուր պատկեր» է ստացվել նաև օտարերկրյա ներդրումների ոլորտում. դրանք տարեցտարի նվազում են, չեն ձևավորվում նոր «ներդրումային դաշտեր», նույնիսկ «հանքարդյունաբերության ոլորտում, մեղմ ասած, խայտառակ վիճակ է» («ՀԱ»), չնայած ներդրողների համար գրավիչ է մնում այդ ճյուղը («Ժամանակ»): Ներդրումների նվազմանը զուգահեռ աճում են երկրի պետական պարտքերը. սա էլ «Հրապարակի» դիտարկումն է: «ՀԺ»-ն տխուր եզրակացությունների է հանգել` ուսումնասիրելով «թեկուզ միայն շաքարավազի շուկան»:
«Ռեսպուբլիկա Արմենիան» երազում է վերականգնված տեսնել թեթև արդյունաբերության ճյուղի «երբեմնի հզորությունը», քննարկում է ՄՄ-ին անդամակցելու դրական ու բացասական կողմերը:
Զեկույց և հաշվետվություն
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իր տարեկան զեկույցը, որի թիրախում են հայտնվել ՊԵԿ-ը, ՏՄՊՊՀ-ն, էներգետիկայի և բնական պաշարների, առողջապահության, սպորտի և երիտասարդության հարցերի, էկոնոմիկայի նախարարությունները, որոնք, ըստ «Ժողովուրդի», «շոկի մեջ են հայտնվել» և լռում են: Մինչդեռ «ՀԱ»-ն պարզաբանում է, թե «ինչ հարցում է թերացել առողջապահության նախարարությունը», իսկ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը դժգոհում, որ ՄԻՊ-ը աչքաթող է արել «կոնկրետ մասսայական սպորտի ուղղությամբ իրականացված ահռելի աշխատանքը» («Առավոտ»):
Հաջորդ զեկույցը կոչվում է «2013թ. հաշվետվություն», որը հաստատվել է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի նիստում և բովանդակում է «լրջագույն փաստեր բյուջեի միջոցները չարաշահելու և կոռուպցիոն երևույթների վերաբերյալ» («Ժողովուրդ»):
«Դեմ! եմ»-ը հավատում է Սահմանադրական դատարանի անաչառությանը, իսկ «Ժառանգությունը» մեծ ակնկալիք չունի այդ մարմնից («ՀԱ»):