ուրբաթ, 4 ապրիլի 2014
Վարչապետի անսպասելի հրաժարականը
Մի շարք լրատվամիջոցների որոշ հրապարակումներ վկայում են, որ հրաժարականն այնքան էլ անսպասելի չէր: «Ժամանակն», օրինակ, այնքան նյութեր է տպագրել այդ թեմայով, որ հնարավոր չէր պատրաստել հրաժարականի լուրն առնելուց մինչև նույնիսկ կեսգիշեր: Ուշագրավ են այս թերթի դիտարկումներից երկուսը` «Վարչապետի փոփոխությունը Ռուսաստանի ցանկությամբ է պայմանավորված» և «Այս պահին արդեն կասկած չկա, որ հանրապետության ներքաղաքական կյանքում ներկայումս առանցքային գործընթաց է դառնալու վարչապետացուների մրցավազքը»: Ինքնատիպ մտքերի պակաս չկա մյուս թերթերում ևս: «Խնդիրը ոչ թե վարչապետն է, այլ համակարգը»,- պնդում է «Առավոտը», հետևաբար` «Անկախ նրանից հաջորդ կառավարությունը կլինի ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական, քոչարյանական, տեխնիկական, թե «ազգային համաձայնության»` դրանից մեր քաղաքացիների կյանքը ոչ էապես կլավանա, ոչ էլ կվատանա»: «Մեծ է հավանականությունը,- գրում է «ՀԺ»-ն,- որ հրաշալի քառյակի ուժերից մեկը հայտնվի նոր ձևավորվելիք կոալիցիայում»: «Ժողովուրդն» իր հերթին մատնանշում է քառյակի անդամների «փափուկ» դրությունը. «Նրանք պայքարում էին Տիգրան Սարգսյանի դեմ և հիմա պարզ չէ, թե ում դեմ պիտի պայքարեն»: Տարաբնույթ մտքեր են արտահայտում «ՀԱ»-ն, «Իրատես դե ֆակտոն», «Իրավունքը», «Հրապարակը», «ՀՀ»-ն:
Պարտադիր բաղադրիչի առեղծվածը
ՍԴ որոշումն ուշագրավ բնութագրումների նոր ալիք է բարձրացրել մամուլում: «Ազգն» իր անդրադարձը ոչ պատահաբար վերնագրել է «Հակասահմանադրական հոդվածներ սահմանադրական կուտակային համակարգում», մի այլ հոդվածում, այդուհանդերձ, չխուսափելով «ակնարկել», թե արդյոք «Սահմանադրական դատարանը մանևրո՞ւմ է»: «Առավոտը» ներկայացրել է Արդարադատության նախարարի հայտարարությունը` «Օրենքում պարտադիրի բաղադրիչը հակասահմանադրական չէ», «Հայոց աշխարհը»` ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի դիտարկումը, ըստ որի «ՍԴ որոշումը բոլորիս հաջողությունն է», «Դեմ! եմ» նախաձեռնության անդամ Մերի Խաչատրյանի տեսակետը («ՍԴ որոշումը վիճարկողների նպատակը սահմանադրական ճգնաժամ ստեղծելն է»), նաև հավելել, որ այնուամենայնիվ «Կուտակայինի» վերաբերյալ ՍԴ որոշումը դեռ հարցեր է կուտակում»: «Ժամանակին» առավելապես հետաքրքրել է, թե ինչու հայտնի որոշման օրը, հակառակ հայտարարության, ՍԴ նախագահը «չխոսեց «Հ 1»- ով» և «ինչ էր փոխվել վերջին պահին», «Իրավունքին»` թե «Երբ են վերադարձնելու կենսաթոշակայինին կատարված մուծումները», «ՀԺ»-ին` «զգուշացումը»,թե «Դեմ!եմ»-ը կանցնի կտրուկ քայլերի»: Թեման արծարծել է նաև «Հրապարակը», ըստ որի ՍԴ վճռի եզրափակիչ մասի 8-րդ կետը «փակել է բոլոր հնարավոր ճաքտվածությունների ճանապարհը» և, ուրեմն, «ընդունված օրենքը հենց ապրիլի 2-ից… դադարելու է գործել»:
Այլևայլ
«Հայոց աշխարհը» նկատել է, որ «վարկային տոկոսադրույքները հունվար- փետրվարին ավելի բարձր են եղել ինչպես անցած տարեսկզբի, այնպես էլ տարեվերջի համեմատ» և փորձել պարզաբանել, թե «Որն է պատճառը»: «Իրավունքը» վերստին քննության է առաջարկել» Սևանա լճի հիմնախնդիրները և կառավարության կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությունների առաջարկը, «Հրապարակը»` Թուրքիային սահմանակից համայնքների` հողագործական աշխատանք իրականացնելու բարդությունները:
«ՀԺ»-ն «հետաքրքրվել» է «Երևանի լարային ռադիոցանց արտադրամասի» կողմից մայրաքաղաքում լարային ռադիոյի հեռարձակման դադարեցմամբ, ինչպես նաև մի այլ հոդվածում, կառավարության 2013 թվականի հեռախոսային խոսակցությունների և ինտերնետի տարեկան ծավալներով: