շաբաթ, 19 ապրիլի 2014
Հավատալու և վստահելու ժամանակը
Վաչապետի երեկվա այցը «Դ!եմ եմ»-ի ցուցարարներին իրարանցում է առաջացրել տպագիր մամուլում: Նույնիսկ այն թերթերը, որոնք վերջին օրերին այնքան էլ «բարեհաճ» չեն եղել նորանշանակ վարչապետի հանդեպ, չեն կարողանում հերքել նրա արած անսպասելի քայլերի արդյունավետությունը: Սկսենք «168ժամից». «Վարչապետի այցը Բաղրամյան 26 կարծես այնքան էլ թշնամաբար չի ընդունվել, ավելին` շատերը նրա մեջ տեսել են գործընկերոջ, հասարակության համար պայքարի անխոնջ մարտիկի»: Ահա և «Հայկական ժամանակը». «… Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնում նույնիսկ մեկ շաբաթը չբոլորած, արդեն շատ մեծ «գործ է բռնել»: Ինչ ընթացք կստանա այս պատմությունը, առայժմ դժվար է նույնիսկ կանխատեսել»: Ըստ «Հրապարակի», վարչապետն ակցիայի մասնակիցներին խնդրել է վստահել իրեն. «Հուսախաբ չեմ անի, ապրիլի 28-ին նախագիծը կտրամադրվի ակտիվիստներին մինչև ԱԺ քվեարկության մտնելը»: Ակտիվիստ Դավիթ Մուրադյանն «Առավոտին» ասել է, որ «հուսով է` նոր կառավարությունը այնքան խոհեմ կլինի, որ իր խոստումը կպահի»: Ինչպես միշտ, կասկածամիտ է «Ժողովուրդը». «Հովիկ Աբրահամյանի այս քայլը, սակայն, սեփական PR-ն ապահովելուց բացի նաև քաղաքական ենթատեքստ ունի. շախմատային լեզվով ասած` սա գայթակղիչ նուրբ ծուղակ է»:
Կադրերն են որոշում ամեն ինչ
Մամուլն ուշադիր հետևում է կառավարության համալրման գործընթացին: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի և Արտակարգ իրավիճակների նախարարի նշանակումը նույնպես աննկատ չի անցել: Եվ եթե Արմեն Երիցյանի վերանշանակումը տարակարծության առիթ չի տվել, ապա Դավիթ Հարությունյանի` կառավարությանն անդամակցելը, այն էլ այդպիսի առանցքային պաշտոնում, տարաբնույթ մեկնաբանություններ է հարուցել: Մասնավորոպես, «Ժողովուրդը» «շատ հետաքրքրական» անվանելով այդ նշանակումը, շեշտում է Դավիթ Հարությունյանի իրավաբան լինելու հանգամանքը:
Այլևայլ
«Հրապարակը» և մի քանի այլ թերթեր լուսաբանել են էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի երեկվա ասուլիսը, որի նպատակը մաքսայինի հարցում նախորդ օրերին տեղ գտած թյուրիմացության հերքումն էր:
«ՀԺ»-ն տպագրել է դոցենտ Աշոտ Բադալյանի բաց նամակը վարչապետին. քաղաքացին առաջարկում է նվազագույնի հասցնել կառավարության ծախսը:
«Առավոտը» հոդված է նվիրել արտեզյան ջրի խնդրին` մատնանշելով, որ Արարատյան դաշտում նման խնդիր չկա, պարզապես ջրի պաշարն ենք վատ կառավարում:
«Ժողովուրդի» տվյալով 2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Արտոնագրային վճարների մասին» օրենքը «դառը պտուղներ» է տվել, փակվել է ավելի քան 100 կլինիկա:
«Գոլոս Արմենիին» տպագրել է Աբել Աղանբեկյանի ծավալուն հարցազրույցը` «Երկրի զարգացումը նրա ժողովրդի ձեռքի գործը պետք է լինի»: