երեքշաբթի, 22 ապրիլի 2014
Հարյուր օրվա խորհուրդը
Դեմոկրատական կուսակցության նախագահը կոռեկտության կոչ է արել և հորդորել, որ վարչապետին հնարավորություն տրվի «գոնե հարյուր օր աշխատել, ապա նոր գնահատական տալ» («Առավոտ»): Դժվար է ասել` կոռեկտությամբ առանձնապես աչքի չընկնող մեր որոշ լրատվամիջոցները կհետևե՞ն ամբողջ աշխարհում ընդունված այդ սկզբունքին: Առայժմ դրա նշանները չեն երևում: «Ժամանակը», «Հրապարակը», «Ժողովուրդը», «Հայկական ժամանակը» նկարագրում են վարչապետի առաջին ձեռնարկումները և երբեմն «հեռուն գնացող» եզրակացություններ անում: «Ժողովուրդի» կարծիքով «Հայաստանում կազմավորվում է ունիտար` մեկ կուսակցության իշխանություն»: «Հրապարակին» մտահոգում է ՕԵԿ-ի վիճակը. «Եթե գործընթացը երկար շարունակվի, ապա ՕԵԿ-ում կմնան առաջնորդին հավատարիմ Հեղինե Բիշարյանը, մի քանի պատգամավորներ և որևէ առաջարկ չստացած մի քանի այլ անձինք»:
«Գոլոս Արմենիին» կարևորել է ԱԺ նախագահի առաջիկա ընտրությունը և օգտագործելով պատեհ առիթը, բնութագրել Հայաստանի ԱԺ բոլոր նախագահներին:
«Իրավունքն» անդրադարձել է պետական կառավարման մարմինների և արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամների հետ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպման մանրամասներին, կարևորելով կառավարության ղեկավարի դիրքորոշումը` «Երկրի առաջընթացի հենքը տնտեսությունն է»: Շաբաթօրյա հանդիպմանն ըստ «ճաշակի յուրո» արձագանքել է նաև «ՀԺ»-ն գրելով, թե «Մեկ ամիս առաջ դեմ էին»: Նոր կառավարության գործունեության վերաբերյալ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի նկատառումները «Հայոց աշխարհը» ներկայացրել է «ԲՀԿ-ի կռիվը անձերի դեմ չէ» հոդվածում, «Չորրորդ իշխանությունը»` նույն խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի գործողությունների ծրագիր ենթադրող առաջարկները` «Ուր են տանում ԲՀԿ-ի 10 քայլերը» հրապարակման մեջ: Սպասելիքների շարադրմամբ հանդես է եկել նաև «Իրավունքը»:
«ՀՀ»-ն անդրադարձել է աղքատության կրճատման նպատակով ընթացող պետական միջոցառումների արդյունավետության հիմնահարցին, «Առավոտը»` ներկայացրել քաղաքագետ Արմեն Գրիգորյանի` ՄՄ-ը Հայաստանի անդամակցությունից սպասելիքները` «ՄՄ-ն անդամակցությամբ գնաճից և բացասական այլ երևույթներից խուսափելն անհնար կլինի»: ՄՄ անդամակցության թեման ուշագրավ հրապարակումների է «մղել» նաև «ՀԺ»-ին («Հայաստանը չի դառնա ՄՄ անդամ»), «Ժողովուրդին» («Հայաստանի անդամակցությունը Մաքսային Միությանն այլևս արդիական չէ նույնիսկ Ռուսաստանի համար») և «Հրապարակին» («Ճանապարհից առաջ մի հատ նստենք»):
«Գոլոս Արմենիի» ծավալուն հոդվածում բնութագրում է Ուկրաինայում ստեղծված վիճակը, մատնանշվում են Բելառուսի «առավելությունները» և Հայաստանի առանձնահատկությունները, ինչպես նաև պատասխան է ստանում այն հարցը, թե «ո՞րն է Ռուսաստանի մեղքը»: «Հայոց աշխարհը» փորձել է պարզաբանել, թե ինչու «Դ!եմ եմ»-ը չի գնում երկխոսության, թեև վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախաձեռնության անդամների հետ հանդիպման ժամանակ առաջարկել էր երկխոսության` ՍԴ-ի որոշումները քննարկելու համար: