ուրբաթ, 25 ապրիլի 2014
Մամուլը 100 օր չի համբերում
Նոր կառավարության անդամներից ամենաշատ հարվածներն հասցեագրվում են Նարեկ Սարգսյանին և Կարեն Ճշմարիտյանին: Ահա վերնագրերը. «Քաղաք քանդողը` քաղաքաշինության նախարար» («Չորրորդ իշխանություն»), «Իսկ ո՞վ է Ճշմարիտյանն ընդհանրապես, ո՞վ է ընդհանրապես Նարեկ Սարգսյանը» («Առավոտ»), «Տիգրան Սարգսյանը` Կարեն Ճշմարիտյանի աշխատանքի մասին» («Ժամանակ»): Ինչ վերաբերում է առողջապահության նախարարին, ապա «Ժողովուրդի» կարծիքով «հիվանդանոցն ու նախարարությունը տարբեր բաներ են»: Մամուլը բնութագրում է նաև ամբողջ կառավարությանը. «Օլիգարխիայի կառավարությունն» ու «անօրակարգ քառյակը» («Առավոտ»), «Ինչ է կատարվում կառավարության տնտեսական բլոկում» («Իրավունք»): Եթե վերջին իրադարձությունների հիման վրա «ՀԺ»-ն ենթադրում է, որ «Քոչարյանը պատերազմ է հայտարարում Սերժ Սարգսյանին», ապա «Ժողովուրդը», «Իրատես դե ֆակտոն» և «Հրապարակը» նոր նշանակումների մի մասը «Քոչարյանամետ» են համարում և իրական` «Քոչարյան- Սերժ Սարգսյան» կոալիցիան:
Երեկ այցելելով Ծիծեռնակաբերդ, «Ժողովուրդը» նկատել է, որ «մարդկանց շարքերը ավելի շատ էին նախորդ տարիների համեմատ». եզրակացությունը մեկն է` «Հայաստանի գլխավոր խնդիրն օրեցoր ահագնացող արտագաղթն է»: Իբր դրա հայաստանյան պատճառները քիչ էին, հիմա էլ «ՌԴ-ն է իր միգրացիոն օրենքներով «կրակի վրա բենզին ավելացնում»,- գրում է թերթը: