երեքշաբթի, 13 մայիսի 2014
Հասկանալու արվեստը
Մամուլում գերակայում է կուտակային կենսաթոշակի թեման և այն, որ խմբակցությունների և պատգամավորների մի մասը «չի հասկանում» ԱԺ ներկայացված օրենքի փոփոխության իմաստը: Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն, օրինակ, պնդում է, որ «ՀԱԿ-ը ընկալման լուրջ խնդիր ունի», որ «ԲՀԿ-ն կրկին չգիտի ինչ անել» («Իրավունք»): Կառավարության ներկայացրած նախագծին ՀՅԴ-ի կողմ լինելը մամուլին ստիպել է վերլուծել «քառյակի» լինելիության խնդիրը. «Կուտակայինի պարտադիրը մնաց, իսկ քառյակը լուծարվեց» («Ժողովուրդ»), «Առաջարկված օրինագիծը ընդամենը խաբեություն է» («ՉԻ»), «Թեման կա, խելք հարկավոր չէ. կենսաթոշակը նոր տեսանկյունից» («Գոլոս Արմենիի»): «168ժամը»-ը իր անդրադարձում փորձել է «պատկերացնել», թե «մոտավորապես քանի աշխատող կհրաժարվի» պարտադիր համակարգից` վերստին վկայակոչելով վարչապետի հայտարարությունը, ըստ որի համակարգը կարող է լինել «պարտադիր, բայց ոչ պարտադրված»: Թերթը երկու այլ հրապարակումներում, ինչպես «ՀԺ»-ն, քննության է առել առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ «քառյակի» գնահատականները («Խորհրդարանական քառյակի վերելքն ու անկումը»)` հավելելով նաև ԱԺ երեկվա արտահերթ նիստից սեփական տպավորությունը թե` «քառյակը հիմնավորապես մասնատվել է»:
Տպագիր մամուլում շարունակվում է նոր կառավարության կազմի քննարկումը: Կարծիքները հակասական են: Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով «Ձախողված ու կոռումպացված նախարարները կամ այլ պաշտոն ստացան, կամ նորից կառավարության մեջ են» («Առավոտ»): Նախարար Կարեն Ճշմարիտյանը միշտ խուսափում է «կառավարություններին պիտակներ կպցնելուց», բայց և պատասխանում է «Իրատես դե ֆակտոյի» բոլոր հարցերին: Չնայած ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը դեմ է և «չի ընկալում» մշակույթի նախարարի վերանշանակումը, բայց և մնում է այն կարծիքին, որ «նախարարը պապական դուքան չի, որ ամեն մեկը համաձայնի ու դառնա» («Հրապարակ»): «Իրատես դե ֆակտոյի» համար գերակա է մնում մեզանում տեղի-անտեղի «փայլատակող» հրավառությունների խնդիրը, և թերթը հերթական նամակն է հասցեագրում ՀՀ ոստիկանապետին և ՀՀ առողջապահության նախարարին:
«Ժամանակը» ՀԲ-ի վերջերս հրապարակած «Գնողունակության համարժեքն ու իրական ծախսերը տնտեսություններում» հետազոտությանն արձագանքել է «Հայաստանն ԱՊՀ-ի ամենաթանկ երկիրն է Ռուսաստանից ու Ղազախստանից հետո» հոդվածում, «ՀԺ»-ն «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող կառավարության օրինագիծը «որոշել» է որակել «Պայքար փոքր ստվերի դեմ», «168 ժամը» քննության է առել «Հայաստանի ամենաարատավոր երևույթի` մենաշնորհային տնտեսության «առեղծվածը» («Հայաստանի ամենաազդեցիկ մոնոպոլիստները»):