հինգշաբթի, 15 մայիսի 2014
Մեր «զարմանահրաշ» մամուլը
Թվում էր, թե «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ առեղծվածը երեկ լուծվեց. այդ ընկերությունը ոչ մի կապ չունի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի հետ: Պաշտոնական պարզաբանում տրվեց ի լուր ամենքի: Բայց ոչ, այսօրվա մեր «զարմանահրաշ» մամուլը ոչ միայն չլսելու-չտեսնելու է տալիս իրականությունը, այլև փորձում նույնիսկ զարգացնել-ընդլայնել թեման: «Կառավարությունն այսօր լուծարելու է «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն»,- ազդարարում է «Ժողովուրդը» և շարունակում` «Աբրահամյանը փակում է Սարգսյանի բիզնեսները»: «Հրապարակն» էլ նպատակահարմար է համարում տպագրել ըստ երևույթին վաղօրոք գրված հոդվածը` այն «հարստացնելով» բանից անտեղյակ պատգամավորների կցկտուր պատասխաններով. «Առիթ են փնտրում քննադատելու համար»: Կառավարության այսօրվա նիստի օրակարգի հարցերից ևս մեկը «ՉԻ»-ին մղել է մի իսկական լրագրողական հետաքննություն կատարել և «պարզել», որ ՀՀ ոստիկանությանը Կապանում 154 քառ.մ տարածք տրամադրելը ապացույցն է այն բանի, որ «Կառավարությունը նոր տարածքներ է խլում ու նվիրում ոստիկանությանը»:
Խոշոր գործատուների հետ վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հանդիպումը «168 ժամը» հրապարակումներից մեկում իր հանգույն որակել է «խմբակային հաղորդում հանցագործության մասին», պատճառաբանելով, թե «հանդիպել են բոլոր նրանք, ում Սահմանադրությամբ արգելվում է զբաղվել բիզնեսով` ԱԺ պատգամավորներն ու կառավարության անդամները», մյուսում` այդուհանդերձ ներկայացրել վարչապետի առաջարկները ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանի մեկնաբանությամբ` գործունեությունն իրականացնել «նոր մոտեցումներով» և «հավասար դաշտում»: Թեման ըստ «ճաշակի յուրյանց» մեկնաբանել են նաև «Ժամանակը», «ՀԺ»-ն, «ՀՀ»-ն, «Ժողովուրդը», Tert.am-ը, Zham.am-ը:
Նկատի առնելով, որ «արդեն տևական ժամանակ ԿԲ-ն իրականացնում է փողի էժանացման քաղաքականություն», «Հայոց աշխարհը» գրել է, որ «Կենտրոնական բանկը փորձում է նպաստել տնտեսական աճին»:
Civilnet.am-ին «հետաքրքրել» է այս տարվա առաջին եռամսյակում բանկերի ունեցած զուտ շահույթը, որն ըստ կայքի գրեթե կրկնապատկվել է, ըստ որում, ինչպես երևում է «վարկային պորտֆելի կառուցվածքից», «տոկոսային եկամուտների աճն արձանագրվել է սպառողական վարկերի հաշվին»:
«Ժամանակը» նշել է, որ կառավարությունն ուսումնասիրում է «Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներին վարչապետին կից ստեղծված խորհուրդների» և «նախարարություններից դուրս ստեղծված ԾԻԳ-երի» գործունեության նպատակահարմարության հարցը: «168 ժամը» արձագանքել է կառավարության նոր մշակվող ծրագրին` «Սուսիկ- փուսիկ ու նոր ծրագիր»:
Հրատապ է մնում կուտակայինի թեման: «Հրապարակը» միանգամից երկու հոդված է նվիրել ԱԺ քննարկմանը` «Ովքեր են համաձայնել և ովքեր հրաժարվել «հանցավոր» կառավարության հետ համագործակցելուց», «Նրանք ուզում են համ պատգամավոր լինել, համ հարգանք վայելել», «Առավոտը»` «Քառյակը կանգնած է «ռազմավարություններն ամուսնացնելու խնդրի առջև», «168 ժամը»` «Համախմբում հանուն կառավարության` ՀՀԿ»: Այս վերջին թերթը կառավարության նոր ծրագրից «լուրջ սպասելիքներ չունի», քանի որ 20 օրում դժվար թե լավ ծրագիր ստեղծվի: Տպագրվել է նաև Հակոբ Սանասարյանի բաց նամակը ՀՀ վարչապետին` «Լսելի դարձրեք հասարակության ձայնը»: Մխիթարական են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալները, որոնց համաձայն Հայաստանը տարածաշրջանի «ամենասթափ» երկիրն է («168ժամ»):