ուրբաթ, 16 մայիսի 2014
Տնտեսության գլխավոր հարցը
Այն առանցքային էր ՀՀ վարչապետի և գործարարների հանդիպման ժամանակ` «բոլոր գործարարները պետք է աշխատեն հավասար դաշտում» («ՀՀ»): «Հրապարակ»-ի տեղեկացմամբ, սակայն, դահլիճում ընդդիմախոսություն չի եղել, եղել է թերահավատություն և զգուշավոր լավատեսություն` «Եթե ասածներն անի` կդառնանք Շվեյցարիա», «Խոշոր հարկատուներն ինքնակամ կլքե՞ն ստվերը» («Իրավունք»): «Իրատես դե ֆակտոն» հոռետես է. «… հնարավո՞ր է 100 գործարարի հավաքել մեկտեղ ու խաղի կանոններ «մշակել»: Երբեք»: Ինչ էլ լինի` հոռետեսությամբ «ՉԻ»-ին չես գերազանցի` «Արդյունքը լինելու է դրամի արժեզրկումն ու գնաճը»:
«ՀԺ»-ն գործարարների հետ վարչապետի հանդիպման հերթական անդրադարձը խորագրել է «Խաղի կանոններ և թվեր», մի այլ հրապարակման մեջ էլ արձագանքելով խորհրդարանի նիստում տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը, որոշել, թե «ՀՀԿ նիստում ինչ-որ բան այն չէ»: Ըստ Թերթ.am-ի, ՀՀ վարչապետի ձեռնարկած քայլերի մասին նախկին վարչապետ, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն ասել է. «Վարչապետի մոտեցումը ողջունելի է` ստվերում սավառնող 700 մլն դոլարը պետք է բյուջե բերել»:
Այլ թեմաներ
Կառավարության նիստում երեք ընկերության մաքսային արտոնություն տալու որոշումը «ՀՀ»-ն ձևակերպել է հետևյալ կերպ. «Կառավարությունը մասնավորին ձեռք է մեկնում »:
Ոմանք գուշակում են կառավարության նոր ծրագրի դրույթները: ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն, օրինակ, այն կարծիքին է, որ ծրագիրը «կլինի ոչ շատ ռիսկային, կառավարությունն իր վրա չի վերցնի շատ բարձր ցուցանիշներ, կլինեն նաև աղքատության կրճատման ոչ մեծ ցուցանիշներ» («Իրատես դե ֆակտո»):
Կուտակայինի ընդունումը նույնպես մամուլի արձագանքն է հարուցել. «Իհարկե, խնդիրը հարցի լուծումն էր, բայց…» (Մհեր Շահգելդյանն իրենց խմբակցության` դեմ քվեարկելու մասին-«Իրավունք») «Դեմ լինելու հանգամանքը չի կարող վահան լինել` մնացած բոլոր խնդիրներից թաքնվելու համար» (Արմեն Աշոտյանը` «Իրավունքին»), «Կուտակայինի անորոշ ապագան» («Հրապարակ»):
«Ազգը» փորձել է պարզաբանել ընդունված նոր օրենքի սահմանադրականության հիմնախնդիրը` կապված վճարում չկատարող քաղաքացիների հաշիվներին պետական բյուջեից տրամադրվելիք գումարի հետ` հարցով` «իսկ սահմանադրակա՞ն է, որ «ավելի բարձր տարիքի աշխատողները վճարում են ավելի ցածր տարիքի աշխատողների թոշակների համար»:
Ըստ երևույթին անհնար էր չանդրադառնալ Գյումրու տեխնոպարկի չարչրկված խնդրին` «Գյումրու տեխնոպարկ» ընկերությունը լուծարվում է, բայց քաղաքի տեխնոլոգիական կենտրոնը բացվելու է» («ՀՀ»,) «Գյումրու տեխնոպարկի աշխատանքները մեծ թափով առաջ են ընթանում» («Իրատես դե ֆակտո»):