շաբաթ, 17 մայիսի 2014
Ծրագրի կարևորությունը
Կառավարության ծրագրի սպասումով է համակված ոչ միայն մամուլը, այլև, թվում է, ամբողջ հանրությունը: Ըստ «ՀԺ»-ի ծրագիրն արդեն իսկ քննարկվում է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, պատգամավորների մասնակցությամբ: Փաստաթղթի նախագիծը, որն հայտնվել է նաև այս թերթի «ձեռքի տակ», «գրեթե ամբողջությամբ կազմված է բարի ցանկությունների շարադրանքից»: Առաջին իսկ էջում հանգելով այս եզրակացությանը, «ՀԺ»-ն հաջորդ էջերում բացում է փակագծերը և նույնիսկ կանխատեսում, թե ինչ ընթացք կունենա ԱԺ քվեարկությունը: Կառավարության ծրագրի նախնական քննարկման փորձ է անում «ՉԻ»-ն` համապատասխան հարցեր ուղղելով մի շարք պատգամավորների, ինչպես նաև կարևորելով ծրագրի իրականացման պատասխանատվության հարցը:
Մամուլը փոխանցում է գործարարների հետ վարչապետի հանդիպման նոր մանրամասներ, անում նոր հետևություններ: Եվ եթե Վահագն Խաչատրյանը «ՀԱ»-ին ասում է` «Ի՞նչ իմանանք` նորը ինչ է, հնից լա՞վն է, թե՞ ավելի վատը», Լեռնիկ Ալեքսանյանը վստահ է, որ «Հովիկ Աբրահամյանը մինչև վերջ է գնալու»: Հանքարդյունաբերող Սիլվա Համբարձումյանի տպավորությամբ այդ հանդիպումը «դեպուտատների հավաք էր», որի մասնակիցներից շատերն, իբր, «իրենց բիզնեսը փակելու և Հայաստանից հեռանալու ցանկություն են հայտնել»(«Ժամանակ»): «Առավոտի» գլխավոր խմբագիրն էլ հումորով նկատում է, որ երբ մեր սեփականատերերը հանդիպում են վարչապետի հետ` «խոշոր գործարարներ են, իսկ երբ պատասխանում են լրագրողների հարցերին` խոշոր գործարարների ամուսիններ և փեսաներ»: Վարչապետի և գործարարների հանդիպումը «168 ժամը» որակում է «ունեցվածքի օրինականցման փորձ», «տնտեսական համաներման» առաջարկություն: Ամեն դեպքում, գերակշռում է վարչապետի նախաձեռնության դրական գնահատականը` «Աբրահամյան Հովիկը խոսքը գետին գցող չի» (ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը` «Հրապարակին»), «Կառավարության նոր անդամների ներաշխարհի ու հոգեկանի վրա բացասական կազդի, եթե ձախողեն» (ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը` «Առավոտին»):
Այլ թեմաներ
Դեռևս քննադատության թիրախ են նոր կառավարության մի շարք անդամներ, նախկին կառավարության որոշ ձեռնարկումներ: «Ժողովուրդը» քննադատում է Երվանդ Զախարյանին և Արամայիս Գրիգորյանին, «Ժամանակը» ներկայացնում է «Հյուսիս-հարավի ոդիսականը», «Գոլոս Արմենիին» հիշեցնում, թե որքան լավ էր սկիզբ առել Գյումրու տեխնոպարկը, «ՀԺ»-ն մատնացույց անում Առողջապահության նախարարության ղեկավարների ունեցվածքը: