ուրբաթ, 30 մայիսի 2014
Տնտեսական գործընթացների ճանապարհին
«Հայաստանի Հանրապետությունը» կառավարության նիստը ըստ ամենայնի լուսաբանել է մի քանի հրապարակումներում.
«Միշտ պետք է զգոն լինել, այլապես կգրոհեն հիվանդությունները», «Ի շահ ձեռներեցության և տնտեսական դրական տեղաշարժերի գործադիրը օժանդակեց ևս 3 ընկերության» և այլն: «Հրապարակը» նիստին անդրադարձել է «Կառավարությունը «տեղաբաշխում» է մեծ բիզնեսն ու մանր բրդուճները» հոդվածում, «ՀԺ» -ին առավելապես հետաքրքրել են «Արմյանսկի ուրոժայ» ՍՊԸ-ին սահմանին ԱԱՀ վճարումը հետաձգելու արտոնություն տրամադրելու կառավարության որոշումը («Ինկոգնիտո արտոնություն»), ինչպես նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման վերաբերյալ մամուլում հայտնված տեղեկությունը, ինչը թերթն իր հանգույն որակել է «խորհրդավորություն»: Նիստի մեկնաբանությամբ հանդես են եկել նաև «ՉԻ»-ն և «Իրատես դե ֆակտոն»:
«Իրավունքի» հետ զրույցում ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը ներկայացրել է կառավարության անելիքների և առաջիկա գործունեության վերաբերյալ իր տեսակետները, հավելելով նաև, որ «Եվրասիական շուկան մեզ համար ավելի ընկալելի է, քան եվրոպականն ու արևելյանը»: Տնտեսական գործընթացների մասին իր դիտարկումները շարունակել է ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը, այս անգամ «Դելովոյ էքսպրեսի» կազմակերպած հարցազրույցում:
«Ժամանակը» «յուրովի» է արձագանքել Ամիրյան 4/4 շենքի բնակիչների դժգոհությանը, կապված իրենց բնակելի շենքի կառուցման դադարեցման հետ, հրապարակումը խորագրելով «Հովիկ Աբրահամյանը չի կատարել խոստումը. Ամիրյանի բնակիչները դեռ փողոցում են»:
«Հայոց աշխարհի» փոխանցմամբ ինչպես անշարժ գույքի, այնպես էլ բնակարանային շուկան «ոչ մի կերպ դուրս չի գալիս գնային թմբիրից», և ընթացիկ տարին «բարենպաստ չէ` կապված ռուսական ռուբլու արժեզրկման և տրանսֆերտային հոսքերի սահմանափակման հետ»: Մի այլ հոդվածում թերթը փոխանցել է Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Մելիտա Արիստակեսյանի «հավակնոտ» մտահոգությունը` «Ջերմատանն աճեցված պտուղ- բանջարեղենը վտանգավոր է»:
«Ազգը» անդրադարձել է մեքենաների ներմուծման և բանկային ավանդների ոլորտներին, «Ժողովուրդը» գրել, թե Արմավիրի մարզի մի շարք համայնքներում «Դվիժոկով են հողերը ջրում»` «սնկի պես աճած ձկնաբուծարանների և ավազահանքերի պատճառով»: