երեքշաբթի, 4 մայիսի 2010
Երկրագունդը պտտվում է, քննադատները` նույնպես
Օրվա մամուլը առանձնապես հետաքրքրված է դոլարի արժեզրկմամբ, բոնուսների դեմ «պայքարով» և «չինական ագրեսիայի» չվերծանվող առեղծվածով:
«Հայոց աշխարհը» հայտարարել է, որ դոլարը արժեզրկվում է, սակայն «գները շարունակում են բարձրանալ». որոշակի ապրանքների առումով «շուկան բացարձակ մենաշնորհային է», ուստի փոխարժեքի շուկայում տեղի ունեցող «խաղերի» հետևանքով առաջին հերթին տուժում է սպառողը, իսկ ՏՄՊՊ հանձնաժողովից էլ «լուրջ սպասելիքներ չեն կարող լինել»: «Կապիտալը» նույնպես չի շրջանցել վերոհիշյալ հանձնաժողովի թեման. վերաքննարկելով հայտնի «դեղերի թանկացման և խնդրի հետագա ընթացքի» թեման, թերթը հեգնել է, թե` եթե անգամ «երկրագունդը կլոր է և պտտվում է», միևնույնն է, ՏՄՊՊ հանձնաժողովը «դա չի կարող ապացուցել», քանի որ...«հանձնաժողովի յոթ անդամներից վեցը» կարող են «մտափոխվել»:
«Առավոտը» անդրադարձել է ՀԴՄ բոնուսների վճարման նոր կարգին և եզրակացրել, թե կառավարությունն ամեն ինչ արեց, որպեսզի «ՀԴՄ կտրոն հավաքող քաղաքացիներն այդ սովորությունից հրաժարվեն», նաև ակնհայտ է համարել, թե իշխանությունները պայքարում են ոչ թե ստվերի, այլ բոնուսների դեմ: «Ժամանակը» գրել է, թե իբր գոյություն ունեցող «վարչապետ-ՊԵԿ-ի ղեկավար հակամարտությունը» թևակոխել է «նոր փուլ» և, վկայակոչելով «սեփական աղբյուրները», նշել, թե իբր կողմերից յուրաքանչյուրն սպասում է ՀՀ նախագահի Չինաստանից վերադարձին` «սեփական ասելիքով»: Երկու այլ հրապարակումներում թերթն անդրադարձել է այս տարվա առաջին ամիսներին արձանագրված տնտեսական աճի ցուցանիշներին ըստ ՀԱԿ-ական Վ.Խաչատրյանի («Իրականում կենսամակարդակի անկում է տեղի ունեցել») և ՀՅԴ-ական խորհրդարանական Ա.Մինասյանի («Տնտեսության մեջ ցանկացած աճ, եթե չի անդրադառնում հասարակության կենսամակարդակի վրա, դառնում է ֆիկցիա»), ինչպես նաև կարծիք հայտնել, թե «ՌԴ-Բելառուս-Ղազախստան» մաքսային միությանը Հայաստանի միանալը, ինչը վերջերս քննարկվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ փոխվարչապետի հանդիպման ժամանակ, կարող է լինել «մեր անկախության հաշվին»: