երեքշաբթի, 8 հունիսի 2010
Հեղինակային իրավունքից մինչև Ռուբինիի սցենարը
«Իրավունքի» զարմանքը, «Ժամանակի» բողոքի ակցիայի լուսաբանումը, «Առավոտի» սուրհանդակը և «Քավության նոխա՞զ» խմբագրականը նվիրված են նույն` օտարալեզու դպրոցների թեմային: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ԿԳ նախարարի «հացը կտրել» է` կիրակի օրը հայտարարելով, որ օտարալեզու դպրոցների ստեղծման գաղափարն իրենն է: «Բայց ինչո՞ւ են բոլորը խոսում միայն կրթությունից»,-հարց է տալիս Արամ Աբրահամյանը:-Ի՞նչ է, մշակույթի բնագավառում վիճակն ավելի բարվո՞ք է: Իսկ գյուղատնտեսությունո՞ւմ: Ըստ «Առավոտի» գլխավոր խմբագրի, Աշոտյանը թեկուզև սխալ, բայց այնուամենայնիվ նախաձեռնություն է ցուցաբերել, իսկ մյուսները «սուսուփոս նստած են իրենց կաբինետներում և վայելում են իրենց պաշտոնների հետ կապված բարիքները»: Թերթը «Տնտեսական աճ և զարգացում-2010, նախարարությունների «շարադրությունները» վարչապետի հանձնարարած թեմայով» հոդվածում անդրադարձել է նաև «մյուսների»` ՀՀ արդարադատության, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ առողջապահության, ՀՀ բնապահպանության, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների «տնտեսական աճին» միտված գործունեությանը:
«Կապիտալը» գրում է ՀԲ գումարների փոշիացման երևույթի մասին` փաստական նյութով ապացուցելով, որ «Երևանի քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքը միջոցներ «դուրս գրելու» բավական հարմար ոլորտ է»:«Հայքն» էլ իր հերթին հայտարարում է, թե «Գագիկ Բեգլարյանի ղեկավարած քաղաքապետարանը արտոնյալ վիճակում է»: Կառավարությունն, իբր, «առայժմ կամ չի կարողանում, կամ չի ցանկանում ժողովրդի աչքի փուշը դարձած կադաստրը բերել հարկային դաշտ», և ընդհանրապես, այդ ուղղությամբ ձեռնարկված ջանքերը «հաջողությամբ չեն պսակվում»:
«Հետ տվեք կորած ՀՆԱ-ն»,-պահանջում է «Հայկական ժամանակի» Հայկ Գևորգյանը և այդ վերնագրի ներքո հրապարակած իր հոդվածում «ապացուցում» Ազգային վիճծառայության «թվային մանիպուլյացիայի» փաստը, որը «շարունակվում է նաև այս տարի»: Մեկ այլ լուրով, որը վերաբերում է երեկ ԱԺ-ում փոխվարչապետ Արմեն Գևորգյանի այն «խոստովանությանը», թե 17-ի փոխարեն «Լինսի» հիմնադրամի միջոցներով նորոգվել է 10 դպրոց, և դրա պատճառը դրամի արժևորումն է, թերթը ապացուցված է համարում այն իրողությունը, որ այդ նույն պատճառով խոշոր չափի վնասներ են կրել նաև այլ ձեռնարկություններ:
«168 ժամի» պնդմամբ կառավարությունը, ձգտելով մեծացնել «չեյնջերի» կետերից գանձվող տուրքը, դրանով իսկ աջակցում է «փոքր և միջին բիզնեսի...փակմանը», որպեսզի «դրամավարկային ողջ գործունեությունը շրջանառվի միայն բանկերում»:
«Հայկական ժամանակի» «Բողոքի գրքի» նամակագիրը երկրի ղեկավարության ուշադրությունը հրավիրում է «թաղման բյուրոյում» տիրող արատավոր բարքերի վրա` տեղեկացնելով, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի` մի առիթով նշած գերեզմանոցի «հսկիչ Անդոն», որը հանգուցյալի հարազատներից տեղի համար գումար էր պահանջել, այժմ համատիրություն է ղեկավարում: Կալանավորվել է մեկ այլ հսկիչ ևս, բայց նամակագրի վկայությամբ նա նույնպես «պայմանական ազատ է արձակվել»:
G20-ի երկրների ֆինանսների նախարարների վերջին հանդիպման արդյունքը վերլուծելու առիթով «Ժամանակը» հիշեցրել է վարչապետի այն միտքը, թե մեզանում իրականանում է տնտեսագետ Նուրիել Ռուբինիի սցենարը, ըստ որի «լուրջ անկում» արձանագրած երկրները կարձանագրեն նաև «կտրուկ վերականգնում»: Հոդվածագիր Արա Սարդարյանը սա համարում է «հերթական հեքիաթը» և զարգացած երկրներին հրավիրում Հայաստան՝ խորհուրդ հարցնելու «մեր իմաստուններից»: