ուրբաթ, 11 հունիսի 2010
Կրթական համակարգի երեկն ու վաղը
«Ժամանակը» և «Առավոտը» առաջին էջերում տպագրել են ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի լուսանկարը` «երեք մատի կոմբինացիայով» պատասխանը օտարալեզու դպրոցների բացման դեմ բողոքների վանկարկմանը: «Ժամանակի» դիտարկմամբ այս փաստն արդեն իսկ վկայում է, որ «իսկապես լուրջ խնդիրներ կան» երկրի կրթական համակարգում, իսկ «Առավոտը», դատելով «ըստ բովանդակության», ճիշտ այսպիսին է համարում Տիգրան Սարգսյանի և Արմեն Աշոտյանի արձագանքը հասարակական դժգոհությանը:Թերթը, համապատասխան մեկնաբանություններով, շարադրում է վարչապետի հունիսի 6-ի ելույթը «Ես այս արգելքը սահմանել եմ, ես էլ այն կոչնչացնեմ» վերնագրով. վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե ինքն է գրել «Լեզվի մասին» օրենքը, որն իբր թույլ չի տալիս, որ Հայաստանում ստեղծվեն միջազգային դպրոցներ»: Թեման արծարծվում է նաև «Առավոտի» այլ էջերում, ուր տեղ են գտել Հովհաննես Շիրազի անտիպ բանաստեղծությունները. «Այն հայերը, որ չեն խոսում /Հայոց լեզվով, ճիշտ եմ ասում, /դավաճան են ով էլ լինեն,/ ով էլ լինեն` դավաճան են»: «Ժամանակ» թերթը նույնպես արձագանքել է թեմային «Մի մտեք հայոց լեզվի տաճարը, կովեր» հոդվածով:
«Հայկական ժամանակը» արձանագրել է. «Սա ՀՀ կառավարությունն է, այստեղ նիստերն ամենաարագն են»: Թղթակիցը նաև հաշվել է, որ «երեկվա նիստում հարցերի քննարկման տևողության միջին ցուցանիշը կազմեց մեկ րոպե հինգ վայրկյան»: Կան այլ արժեքավոր դիտարկումներ ևս:
Պակաս տպավորիչ չեն «Իրավունքի» թղթակցի դատողությունները, որոնք շարադրված են «Զայրանո՞ւմ եք, աղաներ ջան» վերնագրի ներքո և քննադատում են ԱԺ-ում կառավարության «գեղեցիկ և վարդագույն գույներով ներկայացված զեկույցը»` չշրջանցելով վարչապետ-փոխվարչապետ «լարումների» թեման:
«Կապիտալի» ընթերցողին իր լավատեսությունն է փոխանցում ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը, որը «շատ ավելի մեծ աճ է կանխատեսում, քան նախատեսված է բյուջեով»: «Հայկական ժամանակի» Հայկ Գևորգյանն, ընդհակառակը, հանգցնում է իր ընթերցողի հուսո վերջին շողը. «Շատ դժվար է գտնել աշխարհում տեղի ունեցող որևէ իրադարձություն, որը բարերար ազդեցություն ունենա հայաստանցիների վրա»:
«Առավոտը» շարունակում է «Տնտեսական աճ և զարգացում-2010» խորագրի հոդվածաշարը. «Նախարարությունների «շարադրությունները»` վարչապետի հանձնարարած թեմայով»: Մնացած գերատեսչությունների ծրագրերը կներկայացվեն հաջորդիվ: