երեքշաբթի, 29 հունիսի 2010
Աշխատավարձս աշխատավարձիդ վնաս չէ...
Նախորդ շաբաթ տեղի ունեցած ազգային մրցունակության խորհրդի նիստում «Կապիտալի» ուշադրությունը գրավել է այն, որ «պետության կողմից կիսով չափ ֆինանսավորվող կառույցի ծրագրերից մեկի ղեկավարը 6-9 անգամ ավելի աշխատավարձ է ստանալու, քան երկրի վարչապետը: Անդրադառնալով նույն նիստին, «Հայքը» մեծ տարբերություն է տեսել «կառավարության գեղեցիկ երազի» և «այսօրվա դաժան իրականության» միջև, մանավանդ, որ 2010թ. հունվար-մայիս ամիսների գնաճի ցուցանիշով Հայաստանը երկրորդն է ԱՊՀ-ում: Այս տվյալը, ըստ «Ժամանակի» թղթակցի հոդվածի, ժխտում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն կանխատեսումը, թե երկրում մոտակա երկու ամիսներին գնանկում է արձանագրվելու: Վարչապետի այդ միտքը հիմնավոր չեն համարում թե´ Աբգար Եղոյանը, թե´ Վահագն Խաչատրյանը: Վերջինս ընդհանրապես այն կարծիքն է հայտնում, թե «ԿԲ դրամավարկային քաղաքականությունն ավելի շուտ ուղղված է օլիգարխիային հարստացնելուն»: «168 ժամը» փոխանցում է նաև բլոգերներից մեկի կարծիքը, ըստ որի վարչապետի «աշխատանքային խորհրդականները» ոչ թե բլոգերներն են, ինչպես նշել է նա, այլ ԱՄՀ և ՀԲ «վաշխառուները», որոնք «ամեն օր եղանակի տեսության պես հայտնում են տնտեսությունում տեղի ունեցող իրադարձությունները և ուղիղ հրահանգներ տալիս, թե ինչ անել»:
Երեկ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի ասուլիսին անդրադարձել են էլեկտրոնային լրատվամիջոցները (Tert.am, Hetq.am, Report.am, News.am և այլն), այսօր` գրեթե բոլոր թերթերը` շեշտադրելով հիմնականում Իրան-Հայաստան երկաթուղու թեման: «Հայկական ժամանակին» հատկապես հետաքրքրել է այն, որ չնայած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «նախանցյալ տարի մի առիթով» ցանկալի էր համարել երկաթուղու շինարարությունը սկսել 2009թ. վերջին, նախարարը, սակայն, խուսափել է կոնկրետ ժամկետ նշել. «Առավոտը» փոխանցել է իրեն հայտնի խոսակցությունը, թե «այդ երկաթգիծը հնարավոր է` չկառուցվի», «Հայքը» թե` «Հյուսիս-հարավ» երկաթգիծը կկառուցվի», «Ազգը»` «Իրան-Հայաստան երկաթուղու արժեքը ուսումնասիրվում է»: «Կապիտալը» վկայակոչել է նախարարի խոսքը, որ Իրանը պատրաստակամություն է հայտնել աջակցել երկաթուղու հայկական հատվածը կառուցելու գործում: «Հայաստանի Հանրապետությունը» և «Հայոց աշխարհը» համապատասխանաբար կարևորել են նախարարի հուսադրումը, որ այսուհետև առհասարակ ճանապարհաշինության ոլորտում «պատասխանատվություն կկրեն նախագծողից մինչև շինարար», և «ճանապարհները պետք է ոչ միայն կառուցել, այլև պահպանել»:
«Հարավկովկասյան երկաթուղու» վերաբերյալ նախարարի մեկնաբանություններին անդրադարձել են «Գոլոս Արմենիին» և «Դե ֆակտո իրավունքը»: Վերջինս նաև նշել է Մանուկ Վարդանյանի հայտարարությունը, որ ոլորտում «նախաձեռնվում են լուրջ փոփոխություններ»:
Մյուս հրապարկումներից ուշագրավ են «Իրավունքի» «Ստվերի դեմ պայքարի ստվերը» (24 խոշոր հարկատուները), «Գոլոս Արմենիի» «Նախարարն աչք է դրել տրանսֆերտների վրա» (նկատի է առնվում Ներսես Երիցյանը), «Նշանակում» (ԲՀԿ-ի նախարար ընտրելու քաղաքականությունը), «Կապիտալի» «Կուտակային կենսաթոշակ. ինչպե՞ս և ո՞ւմ վստահել միջոցները» հոդվածները: