ուրբաթ, 2 հուլիսի 2010
Պատրանք և իրականություն
«Լավատեղյակ» «Ժամանակը» հայտնում է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը «լուրջ խնդիրներ ունի» հարազատ կուսակցության ներսում և կարողացել է «իր կողմը քաշել» կուսակիցներից մի քանիսին: Նա, իբր, փորձում է այդ ձևով հակակշիռ լինել «Տիգրան Սարգսյանի և նրա ՀՀԿ-ական ընկերների թիմին»: Իսկ Տիգրան Սարգսյանը պատասխանել է «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագրի հարցերին: «ԼՂՀ ժողովրդի կարծիքը լինելու է կողմնորոշիչ, և դրա հիման վրա են տրվելու լուծումները» վերնագրով հարցազրույցը արտատպել է «Ազգը»:
Կառավարության երեկվա նիստի համապատկերում մամուլը շարունակում է վերլուծել անցած հինգ ամիսների արդյունքները. «Նոր աշխատատեղեր կավելանան», «Կիսամյակային ամփոփումներ» («Առավոտ»), «Բյուջեն ապահովվում է, բայց ի՞նչ գնով» («Իրավունք»), «Տոկոսային պատրանքներ» («Հայկական ժամանակ»), «Արտաքին պարտքերն ավելանում են» («Հայք»): ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ի լրումն այս ամենի «Կապիտալի» թղթակցին ասել է. «Այն, ինչ ներկայում իրականացվում է մեր երկրում, կապիտալի շուկան քանդելու քաղաքականություն է»: Նույն թերթի մեկ այլ հոդվածում ներկայացվում է ձվի շուկայում ստեղծված վիճակը` «Հավերը դեմպինգ են սկսել», ինչը համառորեն չի ուզում նկատել ՏՄՊՊՀ-ն:
«Դե ֆակտո իրավունքի» Ժասմեն Վիլյանը նկարագրում է օրերս կառավարությունում տեղի ունեցած «100 աստիճան» թեժ մի քննարկում, որի թեման ոգելից խմիչքի և ծխախոտի ակցիզն է եղել: ՌԴ-ն և Ուկրաինան դիմել են ՀՀ կառավարություն` նշելով, որ Հայաստանում ստեղծվել են այդ ապրանքների իրացման ոչ մրցակցային պայմաններ: Խնդիրը «լուրջ ուսումնասիրության» կարիք ունի:
«Հայքը» հիշում և հիշեցնում է, որ երկու ամիս առաջ ՀՀ վարչապետը խնդիր դրեց ձեռնամուխ լինել նախարարությունների աշխատակիցների թվի կրճատմանը: Թղթակիցը մի շարք նախարարությունների հասցեագրած հարցերի պատասխաններից ենթադրում է, որ շատերը չեն էլ պատկերացնում խնդրի էությունը կամ պատրաստ չեն մի իրավիճակի, երբ «գործազուրկ դարձածների հաշվին մյուս աշխատակիցները պետք է ավելի լավ ապրեն»:
Տեղեկացնելով, որ «որոշ չարաշահումների մասով» «Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան» հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենին օրերս «իր անվստահությունն է հայտնել ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանը», «Իրավունքի» թղթակիցը ներկայացրել է իր և վարչապետի օգնականի երկխոսությունը, որը լույս է սփռում խնդրո առարկայի վրա: