չորեքշաբթի, 7 հուլիսի 2010
«Ոսկե հորթի» անշահախնդիր օգնությունը
Գլխավոր թեման կենսաթոշակային մոտալուտ բարեփոխումն է, որին էլ նվիրված էր մամուլի կենտրոնի երեկվա ասուլիսը` «Կենսաթոշակային նոր համակարգը` 2011 թվականից. պետությունը երաշխավորում է գումարները` ճշգրտված գնաճով» («Հայաստանի Հանրապետություն»), «Կստեղծվի կենսաթոշակների երաշխիքային հիմնադրամ» («Ազգ»), «Գումարները կերաշխավորվեն» («Առավոտ»), «Ովքե՞ր են լինելու առաջին ծիծեռնակները» («Կապիտալ»): Դատելով «Հայկական ժամանակի» օստապբենդերյան խորագրից` «Երբ են բաժանելու մեր փողերը» և անհամբերության գերագույն աստիճանը մատնանշող վերնագրից` «Արեք`պրծնենք», ինչպես նաև Հայկ Գևորգյանի հաշվարկ-եզրակացությունից` «.... այդքան խոսելու վրա ծախսված էներգիայի մի չնչին մասը եթե ծախսվեր բուն բարեփոխումների վրա, ապա դրանք վաղուց ավարտված կլինեին», այս թղթակիցը հատկապես ակտիվ է եղել երկու փոխնախարարների` Արտեմ Ասատրյանի և Վարդան Արամյանի երեկվա մամուլի ասուլիսի ժամանակ: Սակայն, իր իսկ խոստովանությամբ, դարձյալ «պարզ չդարձավ, թե ինչպես է իրականացվելու կենսաթոշակային բարեփոխումը, ինչու մինչև հիմա չի իրականացվել, ինչ է փոխվելու երբ իրականացվի այդ բարեփոխումը»: «Ինչուի» պատասխանը տալիս է հոդվածագիրը. «պատճառը պարզ է, հասարակության շրջանում դա կարող է մեծ բողոք առաջացնել», իսկ մնացած հարցերի պատասխանը փնտրել-գտնելու ծանր հոգսը թողնում է ընթերցողին: Վերջինս պետք է դատելով գտնի նաև, թե բարեփոխումն «արագ ու արդյունավետ» իրականացնելու համար անհրաժեշտ «ուղեղից, համարձակությունից և ցանկությունից» ո´րը չունի գործող իշխանությունը: Ինչպես տեսնում ենք, «ՀԺ»-ի ընթերցողի վիճակը վիճակ չէ, գոնե այսօր:
«Առավոտը», շարունակելով Ռիջենթս դպրոցի թեման, տպագրել է այդ կրթօջախի հիմնադիր և ռեկտոր Տեչլավիջիտի երեկվա հայտարարությունը, որը տարածել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» կազմակերպությունը: Թերթն իր եզրակացությունը ձևակերպել է նյութի վերնագրում` «Հայերը չհիմնավորված էին «շուխուր» անում»: