հինգշաբթի, 15 հուլիսի 2010
Քաղաքական ենթատեքստի կարևորությունը
Ցանկալին իրական ներկայացնելու մոլուցքն այս անգամ «Հայկական ժամանակին» տարել է Կոտայքի մարզի Գողթ գյուղ, որտեղ թերթի իրազեկ աղբյուրների հավաստմամբ «վարչապետը դև է դարձել և նստել է գյուղի ջրի գլխին ու չի թողնում, որ գյուղացիները ջրեն այգիները...»: Պատվիրատուին, բնականաբար, հոգ չէ, թե կառավարությունն ու վարչապետը որքան ջանք են գործադրում հանրապետության տարածքով մեկ ոռոգման համակարգերը վերականգնելու, արդիականացնելու, ջրօգտագործողներին արտոնություններ տրամադրելու ուղղությամբ: Իսկ ահա 2007 թվականին գործարկված երկու փոքր ՀԷԿ-երը, որոնց պատկանելիության մասին նույնիսկ Ազգային անվտանգության ծառայության նախկին փոխնախարարն է այստեղից-այնտեղից լսել, շահարկման շահավետ թեմա է. ընթերցողը կարող է և չհիշել, որ վարչապետն ու իր խորհրդականը կառավարություն են եկել 2008-ի գարնանը, կամ էլ մի պահ հավատալ, որ ՀԷԿ-ի սեփականատերը մեծ ծախս է արել, ջրի հունը փոխել, որ գյուղացին ջուր չունենա, ինչպես հեքիաթում`ջրի բերած, ջրի տարած:
Իսկ գուցե Գողթի կանաչ այգիներ ունեցողները պարզապես բարեխիղճ ջրօգտագործողնե՞րն են:
Արարատի մարզպետի փոփոխությունը երեկվանից ներառված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգ, սակայն մամուլն ակնհայտորեն ալեկոծված է: «Ո՞վ է ստիպել»,- հարց է տալիս «Հայկական ժամանակը» և մնում անպատասխան: Գործող մարզպետը նույնպես որևէ հարցի չի պատասխանում, սակայն «168 ժամի» փոխանցմամբ «կխոսի և բոլոր հարցերին կպատասխանի այսօր` կառավարության նիստից հետո»: «Առավոտը» ևս ունի հարցեր, որոնց պատասխանին սպասում է. «Աշոտ Գիզիրյանն արդեն երրորդ մարզպետն է, ով երկար տարիներ աշխատել է ոստիկանությունում: ՀՀ նախագահի համար որքանո՞վ է ընդունելի ոստիկանին մարզպետ նշանակելու կառավարության մոտեցումը»:
Ստվար մամուլ է «հավաքել» էներգետիկայի և բնական պաշարների նախարարի երեկվա մամուլի ասուլիսը: Ահա վերնագրերը. «Իրան-Հայաստան նավթատարի շինարարությունը կսկսվի աշնանը» («Հայոց աշխարհ»), «Գազատարի վաճառքից չենք ցնցվի. էներգետիկայի նախարարի կարծիքով վրացիները չեն պատրաստվում օտարել գազամուղը» («Կապիտալ»), «Թուրքիայի հետ բանակցությունները դեռ «տաք վիճակում» են, իսկ ուրանի ծավալների մասին ոչինչ հայտնի չէ» («Հայաստանի Հանրապետություն»), «Այս տարի կսկսվի երեք նախագծերի իրականացումը. Մեղրու ՀԷԿ, Իրան-Հայաստան նավթատար և բարձր լարման էլեկտրահաղորդման գիծ» («Ազգ»), «Խնդիրը քաղաքական է, հիմա էլ Իրանից բենզին ենք բերելու» («Հայք»), «Հայաստանին գազատարի վաճառքը չի՞ մտահոգում» («Առավոտ»), «Էլ առաջվանը չէ» («Հայկական ժամանակ»): «Նովոյե վրեմյան» նպատակահարմար է համարում, որպեսզի գազամուղի վրացական հատվածի աճուրդին մասնակցի «Հայռուսգազարդը», իսկ «Գոլոս Արմենիին» «միանգամայն տարօրինակ»` պաշտոնական Երևանի պահվածքը և դա բացատրում է մեր դատապարտելի անտարբերությամբ:
«Կապիտալը» Հայաստանի նման ցածր եկամուտներով երկրում էլիտար շենքերի, էլիտար գրասենյակների և շինարարական ծրագրերի իրականացմանը կառավարության «ամեն կերպ աջակցությունը» փորձել է բացատրել նրանով, որ ավելի հեռանկարային ու զարգացման մեծ պոտենցիալ ապահովող ոլորտներում «ՀՆԱ-ի «փայլուն» աճ ցույց տալն այնքան էլ հեշտ չէ»:
«Հայկական ժամանակը» մի այլ հրապարակման մեջ գրել է, որ ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման և թեսթավորման կենտրոնը (ԳԹԿ) համառորեն շարունակում է չտրամադրել այն դիմորդների անվանա¬ցանկը, ովքեր պետական միասնական քննություններից առավելագույն միավորներ են ստացել և «խորհուրդ տվել», թե «կոռուպցիային որտեղ բռնեն»:
«168 ժամն» անդրադարձել է գյուղատնտեսության բնագավառի հիմնախնդիրներին ու հանգել հետևության, թե ինչպես խորհրդային ժամանակներում, այժմ էլ «գյուղատնտեսությունը չորս թշնամի ունի` տարվա չորս եղանակները», մինչդեռ «պետութունը համարյա ոչինչ չի անում այս ոլորտում ապահովագրության ու վարկավորման համակարգերի ներդրման համար»: Մի այլ հրապարակման մեջ թերթը ներկայացրել է Դիլիջանի միջազգային դպրոցի նախագծի նախաձեռնողների բաց նամակը Հանրային խորհրդի անդամներին: