շաբաթ, 17 հուլիսի 2010
Թեմաների կրկնության սինդրոմը
«Կապիտալը» կրկնում է երկաթուղու Վանաձոր-Ֆիոլետովո հատվածի կառուցման-չկառուցման խնդիրը` մեջբերումներ անելով Վլադիմիր Յակունինի, Մանուկ Վարդանյանի և Շևֆքեթ Շայդուլինի արտահայտած մտքերից: Մի բան պարզ է` պետք է ճշտվի, թե այդ շինարարությունն ինչ կարժենա:
«Հայոց աշխարհը» կրկնելով մեկնաբանում է կառավարության այն որոշումը, որն ուղղված է անավարտ շինարարությունն ավարտին հասցնելու պարտադրանքին: Թերթը կասկած չունի, որ «նման խիստ միջոցառումների իրականացումը կտա իր արդյունքը»: Նույն թերթում Վարդան Բոստանջյանը «ուղղակիորեն և անվերապահորեն պնդում է, որ երբ գազամուղը (Վրաստանի հատվածը–Կ.) վաճառելու ժամանակ հայտնվեն Հայաստանի ու տարածաշրջանի համար անցանկալի գնորդներ, բացառվում է, որ գործարքը տեղի ունենա»: Իսկ ահա արդեն «տեղի ունեցած» մի գործարքի` Վերին Լարսի անցակետի բացման դրական և բացասական հետևանքներն է նկարագրում «Նովոյե վրեմյան»: Պարզվում է` Հայաստանի գործարարներն այլ տարբերակ չունեն, քան վատը նույնպես լավ տեսնելը:
«Գոլոս Արմենիին» կրկնելով կրկնում է մեր երկրի արհեստակցական միությունների չկայացածության խնդիրը` «Դուք հաճա՞խ եք տեսել գործատուի բարի կամքը» հարցի հեղինակը Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանն է, որը ՀՀ աշխատանքային օրենսդրության որոշ առաջարկվող փոփոխություններ համարում է «հակաաշխատանքային»:
«Վիճվարչությունից և բժշկությունից «հասկանում» են բոլորը. պատճառը դիտավորությո՞ւնն է, թե տգիտությունը» հրապարակման մեջ «Ազգը» այն միտքն է հայտնում, որ վիճծառայության հրապարակած տվյալները ոմանք ցավագին են ընդունում` հաճախ առանց հասկանալու մասնագիտական նրբությունները: Սակայն կան նաև «մասնագետներ», որոնք ակնհայտորեն խեղաթյուրում են իրականությունը կամ իրենց թիմի համար դիվիդենդ շահելու, կամ էլ 90-ականների ձախողված քաղաքականությունը և իրենց մեղքերը մոռացության տալու ակնհայտ նպատակով:
«168 ժամ» թերթի լրագրող Բաբկեն Թունյանը ուշադիր նայելով կապ է տեսնում «առաջին հայացքից միմյանց հետ ուղղակիորեն կապ չունեցող երկու տեղեկությունների»` վարչապետի և ՉԺՀ-ի դեսպանի երեկվա հանդիպման և դրամի երեկվա փոխարժեքի միջև: Հոդվածագիրը ոչ միայն բացահայտում է այդ իրողությունների սերտ առնչությունը, այլև ժպտալու արվեստի որոշ առանձնահատկություններ: