չորեքշաբթի, 28 հուլիսի 2010
Ցուցակը նույնն է, մեկնաբանությունը՝ տարբեր
«Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը հատել է 370 դրամի շեմը» («Հայկական ժամանակ»), «Այսօր բողոքի ակցիա է անցկացնելու Թեղուտի պաշտպանության խումբը», թե ինչի դեմ՝ պարզորոշ երևում է «Առավոտի» տպագրած լուսանկարից, մի խումբ զբոսաշրջիկներ «հինգ անմոռանալի օր» են անցկացրել Արցախում և վերադարձել «ավելի... հայացած» («Առավոտ»)։ Նույն թերթի «Հաճոյախոսություններ կառավարության հասցեին» հոդվածի հեղինակ Ա.Իսրայելյանը «բազմաթիվ ուշագրավ տվյալներ է» նկատել IPSC-ի իրականացրած սոցհետազոտության հաշվետվության մեջ և եզրակացրել. «Տիգրան Սարգսյանի կառավարությունը սոցհարցման ընթացքում ավելի դրական է գնահատվել, քան նրան նախորդածների՝ նաև Սերժ Սարգսյանի և Անդրանիկ Մարգարյանի կառավարությունները»։ Հաճոյախոսությունը սրանով ավարտվում է, և «Հայկական ժամանակը» շարունակում է «Կոտայքի մարզի Գեղարդ և Գողթ գյուղերի ոռոգման ջրի հետ կապված» խնդրի արծարծումը։ Պարզվում է՝ թերթի նախորդ հրապարակումից հետո խնդիրը լուծելու փոխարեն «հէկերի տնօրեն, վարչապետի խորհրդականի եղբայրը սկսել է սպառնալ խնդրի մասին բարձրաձայնող գյուղացիներին»։ Չբավարարվելով այն պարզաբանմամբ, որ վարչապետը կապ չունի հէկերի հետ, խմբագրությունը մի շարք հարցերի պատասխան է ակնկալում նաև վարչապետի խորհրդական Արամ Ղարիբյանից։ Նույն թերթի փոխանցմամբ «անցած հանգստյան օրերին արձանագրվել է պարկով վաճառվող ալյուրի գնի զգալի աճ»։ Թեման շարունակում է «Կապիտալը». «Ինչպես թանկացրին հացը. ռուսական երաշտը ջուր է լցնում հայ գերիշխողների ջրաղացին։ Գերիշխողներ «Ալեքս Գրիգը» և «Մանանա Գրեյնը» ներկայում թանկ են վաճառում ալյուրը, որն արտադրվել է էժան ցորենից»։
«Կապիտալի» մյուս թեման հայ-ուկրաինական առևտրաշրջանառության 40 տոկոսանոց կրճատումն է և Ուկրաինայի դիմումը ԱՀԿ-ի վեճերի կարգավորման մարմին՝ Հայաստանի հետ խորհրդատվություն անցկացնելու խնդրանքով։ Խոսքը վերաբերում է ծխախոտի և ոգելից խմիչքների «խտրական» ակցիզային հարկի դրույքաչափերին։
Սակայն ամենաստվար մամուլը «հավաքել է» երկրի 300 խոշոր հարկ վճարողների ցուցակը։ Այն մեկն է, սակայն տարբեր, նույնիսկ իրարամերժ մեկնաբանությունների տեղիք է տվել։ Ահա վերնագրերը. «300 խոշոր հարկատուները առաջին կիսամյակում. նկատվում է վճարած հարկերի ավելացում» («Ազգ»), «Ճգնաժամից հետո խոշորների վճարներն ավելանում են» («Հայոց աշխարհ»), «Խոշորները գրեթե չեն փոխվել. ըստ ՊԵԿ-ի հրապարակած ցանկի՝ մեր երկրի խոշոր հարկատուները հիմնականում նույնն են մնացել, սակայն նրանց մուծած հարկերը մի քիչ ավելացել են» («Առավոտ»), «Խոշոր հարկատուները նվազեցրել են ուղղակի հարկերը, իսկ անուղղակի հարկերն աճել են 36 տոկոսով» («Կապիտալ»), «Թիվն աճել է, որակը՝ նվազել» («Հայկական ժամանակ»)։
«Առավոտից» տեղեկանում ենք, որ խոշոր հարկատուների և «այլ ցուցակները» ՊԵԿ-ը շարունակում է հրապարակել «ոչ յունիկոդ ֆորմատով»՝ խախտելով կառավարության որոշումը։