ուրբաթ, 30 հուլիսի 2010
«Հացի խնդիրը» այսօր էլ է հրատապ
Կառավարության երեկվա նիստի օրակարգից այս հարցն իբրև կարևոր ընտրելը լրատվամիջոցների նախաձեռնությունը չէր, բայց և այնպես թերթերը նաև լրացուցիչ տեղեկություններ են հաղորդում։ Մասնավորապես, «Առավոտի» թղթակիցը զրուցել է «Մանչոգրուպի» տնօրեն Իվան Մոսոյանի հետ. «Հայ ներկրողները խուճապի մեջ են, Ղազախստանում ցորեն չմնաց, Ռուսաստանն էլ ցորենի արտահանման վրա արգելանք կդնի», «Ազգը» և «Կապիտալը» բավարարվել են եղածով՝ «Ցորենի արտադրությունը զարգացնելու նպատակով. գյուղնախարարն անդրադարձավ նաև ալյուրի գների բարձրացմանը» և «Ինքնաբավության մակարդակը 37-ից հասցնել 55 տոկոսի. Հայաստանը ցորենի սերմացու է ներկրելու Ստավրոպոլից և Աստրախանից»։ «Ազգի» մեկ այլ հրապարակման հեղինակ Գեղամ Քյուրումյանը չի վստահում «գյուղպատասխանատուներին» և իր սեփական հաշվարկներով հանգում այն եզրակացության, որ խնդիրը ոչ թե հացահատիկի պակասությունն է, այլ մեր սննդակարգում «կենդանական ծագման սննդատեսակների» արտադրության և օգտագործման «գրեթե ձախողումը». «Երկիրը հասցվել է այն վիճակին, որ չգիտես որտեղից և ինչ նպատակով մսոսկրային ալյուր է ներկրվում»։ «Հայկական ժամանակի» Վահագն Հովակիմյանի տպավորությամբ «դրսում ցորենի գները դեռ չբարձրացած, միայն մոտալուտ թանկացման վախից Հայաստանում գները շեշտակի բարձրացել են»։ Իսկ ընդհանրապես այս թղթակիցը հետևում է ոչ թե հարցերի քննարկմանը, այլ «դահլիճում տիրող մթնոլորտին», այսինքն, թե Գագիկ Բեգլարյանն ինչպես «անցկացրեց» մի հարց, որին դեմ էր միանգամից երկու նախարարություն, թե Մանուկ Վարդանյանն ինչպես տարբեր չափի գումար էր ակնկալում պետբյուջեից։
«ՀԺ»-ի մեկ այլ հեղինակ՝ Հայկ Գևորգյանը, ներկայացնում է «հավի ձվի արտադրության շուկայի «մոնոպոլացման գործընթացի» յուրահատկությունները», նշելով, որ այն իրականացվել է «ցիվիլ» եղանակով՝ առաջին անգամ Հայաստանում մեծ մասշտաբով կիրառվել է դեմպինգ կոչվող երևույթը»։
Երեկվա նիստի մեկ այլ որոշման առնչությամբ «Կապիտալը» եզրակացնում է, որ «Ռուսաստանն ամրապնդում է դիրքերը նոր ատոմակայանում»։
«Իրավունքը» և «Կապիտալը» խոշոր հարկատուների ցանկի իրենց վերլուծությունների վերնագրերը ձևակերպել են հարցական նախադասությամբ՝ «Ի՞նչ են խոստանում հարկահավաքման թռիչքները» և «Ո՞ւր են գլորվում վերամշակող գործարանները», հարցեր, որոնց պատասխանը ակնհայտորեն ընթերցողը չի տալու։
«Դելովոյ էքսպրեսը» արտատպել է ՀՀ վարչապետի հեռուստաելույթի «Արմինֆոյի» պատրաստած ամփոփ շարադրանքը՝ «Տ.Սարգսյան. մոտակա տարիներին էկոնոմիկայի կառուցվածքը կփոխվի»։