չորեքշաբթի, 4 օգոստոսի 2010
Գաղափարախոսական ճգնաժա՞մ, թե՞ լավատեսություն
«Հայաստանի Հանրապետությունը» փոխանցել է այս տարվա առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական վիճակի, գրանցված ցուցանիշների, ընթացիկ զարգացումների և առկա միտումների վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի տեսակետները (Panorama.am-ի հետ զրույցում), ըստ որոնց կիսամյակային արդյունքները «լավատեսություն են ներշնչում», և միակ թերացումը գյուղատնտեսության բնագավառում էր՝ պայմանավորված «բնակլիմայական պայմաններով»։ «Կապիտալը» ներկայացրել է ԱԺ նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Թաթուլ Մանասերյանի կարծիքը, թե ճգնաժամից հետո «մեր տնտեսությունը համաճարակից ապաքինվող հիվանդի կարգավիճակում է» և «առավել վտանգավոր է ոչ այնքան արտաքին պարտքի մեծացումը, որքան ստացված ֆինանսական միջոցների ոչ արդյունավետ օգտագործումը»։ Մի այլ հրապարակման մեջ թերթը տեղեկացրել է, որ Հայաստանի ստանդարտների ազգային ինստիտուտն ընտրվել է Ստանդարտացման միջազգային կազմակերպության խորհրդի անդամ։
«Առավոտը» նախ հրապարակել է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Աբգար Եղոյանի մտահոգությունը, որ «շատ գործարարներ սերտիֆիկատը ձեռք բերելուց հետո» արտադրում են «ստանդարտին չհամապատասխանող արտադրանք», ապա մեջբերել Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանի խոսքը, որ «այժմ միայն 10-20 ձեռնարկություն է սերտիֆիկացված», և թեև «ստանդարտացումը կամավոր է», սակայն առանց դրա «ընկերությունը չի կարող եվրոպական ու տեղական շուկա դուրս գալ»։
«Հայկական ժամանակը» նշել է, որ «կառավարությունը պատրաստվում է ստեղծել նոր ստուգող մարմին՝ ավելի ընդարձակ լիազորություններով»։ Երկու այլ հրապարակումներում թերթը նախ կարծիք է հայտնել, թե Իրան-Հայաստան դիզվառելիքի և բենզինի նոր խողովակաշարի կառուցման նախագիծը «ոչ թե երկրի» այլ «բենզինի հսկաների համար է», ապա, ՀՀ ԿԲ-ին հորդորել գնաճի վերաբերյալ իզուր կանխատեսումներ չանել, քանի որ դրանք համարել է «գործողությունների ծրագիր». «դրամը արժևորվում (կամ արժեզրկվում) է այն ժամանակ, երբ, ըստ հաշվարկների, «դրա ժամանակն է»։
«Առավոտը» խոսուն վերնագրով ներկայացրել է ՊԵԿ-ի տեղեկատվական վարչության տեղեկույթը վճարների հավաքման վերաբեյալ՝ «Յոթ ամիս է՝ գերակատարում են»։ «Կապիտալը» գրել է, որ չնայած «Հայաստանում կա էլեկտրաէներգիայի ավելցուկ, Թուրքիան քաղաքականապես իրեն կաշկանդել է դրանից օգտվելու հարցում». այսպիսով, «հայկական էներգիան Թուրքիա չի գնա», «և ստացվել է, որ չունենալով իրացման շուկաներ՝ Հայաստանն այս տարի ստիպված է եղել կրճատել արտադրական ծավալները»։