երեքշաբթի, 10 օգոստոսի 2010
«Բանն է սկիզբն ամենայնի»
«Ժամանակն» ազդարարում է, որ «Հայաստանում սկիզբ է առել այն», ինչը վաղուց կանխատեսում էին «ընդդիմադիր գործիչներն ու տնտեսագետները»։ «Վերջապես», երևի հանգիստ շունչ է քաշում ընթերցողը, բայց իզուր... Պարզվում է՝ թերթի խանդավառությունը թելադրված է այն հանգամանքով, որ երկրում «ամբողջ թափով գների աճ է արձանագրվում»։ Արդեն 20-30 դրամով թանկացել է հացը, նույնքան՝ ալյուրը, երեկվանից՝ ձեթը, ավելի վաղ՝ թռչնամիսը, նաև մակարոնեղենը, նաև՝ կարտոֆիլը... Իսկ վա՛ղը, վա՛ղը... Վաղը «լուրջ գնաճ է սպասվում բենզինի շուկայում», «և այդպես շարունակ»,-ուզում է շարունակել ընթերցողը՝ ենթարկվելով կողք-կողքի շարված բառերի հմայքին... Փոքր-ինչ բերել է «Հայկական ժամանակի» ընթերցողի բախտը, քանի որ Հայկ Գևորգյանը սևեռվել է միայն հացի և ալյուրի թանկացման վրա և առայժմ ուշադրությունից դուրս է թողել մնացած ամեն ինչը։ Ավելին, թերթը հայտնաբերել է սուպերխանութների մի ցանց (անունը հասկանալի պատճառով չենք տալիս-Կ.), որտեղ ոչ միայն ոչ մի բան չի թանկացել, այլև... այո, այո, շատ բան էժանացել է։ Չե՞ք հավատում, մոռացե՞լ եք պատվերի և երաժշտության առեղծվածային առնչությունը...
Ի տարբերություն մամուլի, ամենևին էլ հոռետես չեն մեր գործարարները։ Նրանք մերժելով մերժել են Ստամբուլում կայանալիք բիզնես-համաժողովին մասնակցելու հրավերը։ Ինչո՞ւ։ Ըստ «Առավոտի», «հայ ձեռնարկատերերին ստամբուլյան ֆորումը չի հետաքրքրել»։ Տեղն է ստամբուլցիներին, ավելացնում ենք մենք։ Իսկ ահա «Իրավունքը» գործարարների առօրյայից մեկ այլ «բամբասանք» է փոխանցում. իբր Ռոբերտ Քոչարյանը «այս մեկ-երկու ամսվա կտրվածքով անհատական հանդիպումներ է ունեցել մեր հայոց օլիգարխներից մի քանիսի», այդ թվում Աշոտ Արսենյանի հետ՝ պարզելու, թե ով ում բարեկամն է մնացել»։ Նպատակը երկրորդ նախագահի հնարավոր վերադարձն է մեծ քաղաքականություն և առաջիկա թեժ աշունը։
«Թեժ աշուն» է սպասվում նաև վարչապետ Տիգրան Սարգսյանին. «Ժամանակի» «լավատեղյակ աղբյուրները» վկայում են, որ ՀՅԴ-ն մտադիր է օգտվել «սոցիալ-տնտեսական բնագավառում» կառավարության ձախողումներից և նոր ձևաչափով ակտիվանալ»։ Այս մանվածապատ նախադասության իմաստն այն է, որ դաշնակցությունն, իբր, աշնանը պահանջելու է վարչապետի հրաժարականը։ Թեմայի խթանիչ է հանդիսացել այն հաղորդագրությունը, թե Տիգրան Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ։ «Վերջերս հաճախ է ստուգվում», այս առիթով բազմախորհուրդ նշում է «Առավոտը»։