չորեքշաբթի, 11 օգոստոսի 2010
«Վիրտուալ իրականության» գրավչությունը
«Ժամանակի» տեղեկացմամբ մեր կենտրոնական դրամատունը հայտնվել է «վիրտուալ իրականության» մեջ: Նմանօրինակ գնահատականի ԿԲ-ն արժանացել է այն հիմնավորմամբ, թե «...փողոցում մոլեգնում է գների կատաստրոֆիկ աճը, ընդ որում` բոլոր ուղղություններով, իսկ ԿԲ-ն հայտարարում է, թե ամեն ինչ ուղղակի հրաշալի է»: Մինչդեռ «շուրջ 30 տոկոսով թանկացել է հացը, շուրջ 15-20 տոկոսով` ալյուրը, 30-40 տոկոսով` կարտոֆիլը, ավելի քան 30 տոկոսով` ձեթն ու մակարոնեղենը, որին գումարվել է նաև հնդկացորենը»: Թերթի տպավորությամբ «կառավարությունը այս թանկացումների հետ կապված ոչ մի բացատրություն տալու ցանկություն չի հայտնել»: Օգտվելով դրանից, բացատրություն է տվել տնտեսագետ Վահագն Խաչատրյանը. «ԿԲ բոլոր կանխատեսումներն ի չիք են դարձել», «Հացամթերքի թանկացումն իր հետ բերելու է նաև այլ ապրանքների թանկացում», «ԿԲ խորհրդի անդամները լուրջ դեմքերով հայտարարում են, թե գնաճի նվազում է տեղի ունենում: Թե որտեղ են նրանք գնանկում նկատել` մնում է միայն կռահել»: Եվ այլն: «Հայկական ժամանակին» նույնպես հայտնի են գնաճի այս և մյուս ցուցանիշները, ուստի մնում է անել հիմնական եզրակացությունը. «Ակնհայտ է, որ Հայաստանը մտել է խորը գնաճային փուլ»: Բայց ակնհայտ է նաև, որ ԿԲ-ին չի հաջողվում «դրամի փոխարժեքով կարգավորել գնաճը». դրա վկայությունն, ըստ թերթի, դրամի երեկվա «կտրուկ արժեզրկումն է»:
«ՀԺ»-ն հետաքրքրված է նաև, թե ինչու են մեզանում «միջազգային վարկերը և պետբյուջեի միջոցներն այսպիսի ծավալներով ուղղվում հենց մայրաքաղաքին» (խոսքը վերաբերում է առաջին կիսամյակում 4.1 տոկոս աճ արձանագրած շինարարության ոլորտին- Կ.): Պարզ է, թե ինչու. «Երևանի կենտրոնում հազար քառակուսի մետրանոց շենքը մի քանի անգամ ավելի մեծ թվով է ներկայացվում ազգային վիճակագրության ներկայացրած ցուցանիշներում, քան ասենք Վայքի գյուղերից մեկում կառուցված ճիշտ նույնատիպ շենքը»:
Ըստ «Ժամանակի» տեղեկության, որն, ի դեպ, ստացվել է բնապահպանության նախարարության համակարգի նախկին աշխատակից, «աշխատանքից ապօրինի ազատված» մի քաղաքացուց, Սևանի ափին «պետության դաբրոյով կառուցված» օբյեկտները փրկելու, բայց Արարատյան դաշտավայրը ջրելու պատրվակով ջուր է բաց թողնվում Սևանից, «որպեսզի այդ օբյեկտների տերերը փոխհատուցում չուզեն»:
«Առավոտը» հանգամանորեն նկարագրում է Սյունիքի մարզի Աղվանի գյուղի անմխիթար վիճակը («Վտանգված է գյուղի ապագան. գյուղը կամաց-կամաց «վերանում է» Հայաստանի քարտեզից») և հիշեցնում, որ չնայած մարզի գյուղապետերը դեռ ս.թ. ապրիլ ամսին էին փոխվարչապետին խնդրել`«քայլեր ձեռնարկել գյուղերը ամայացումից փրկելու համար», սակայն մինչև օրս (չորս ամսում) ոչինչ չի արվել:
Նույն թերթը հայոց մեծահարուստներին խնդրել է արձագանքել ԱՄՆ 38 միլիարդատերերի «Նվիրատվության երդում» փաստաթղթի ստորագրմանը: Պարզվել է, որ մեր օլիգարխները բարեգործության խնդրում իրենք իրենցից գոհ են: