հինգշաբթի, 12 օգոստոսի 2010
«Միասին»-ի առաքելությունը և Տաթևի ճոպանուղին
«Հայաստանի Հանրապետությունը» և «Հայկական ժամանակը» տարբեր տեսանկյուններից մեկնաբանել են Ռուսաստանում հրդեհներից տուժածներին օգնելու նպատակով «Միասին» երիտասարդական շարժման նախաձեռնություն-ակցիան Արամ Խաչատրյանի արձանի մոտ. առաջինը այն ներկայացրել է որպես «օժանդակություն դժվար կացության մեջ հայտնվածներին», երկրորդը հարցրել է, թե ինչո՞ւ առժամանակ առաջ «վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանավորյալ» «Միասին» շարժման երիտասարդների ճամբարումը Սևանում «անցկացվել է Պաշտպանության նախարարության հովանավորությամբ»։
«Հայկական ժամանակի» փոխանցմամբ առաջիկայում Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների գագաթաժողովի կազմակերպման համար ՀՀ պետբյուջեից հատկացվող գումարի չափն անհայտ է, քանի որ կառավարությունից հարցին չեն պատասխանել, նշելով, թե «իրավասու մարդ տեղում չկա»։
Երկու այլ հրապարակումներում թերթն անդրադարձել է ՀՀ վարչապետի ամառային արձակուրդի թեմային («Էլ ինչու Ղարաբաղ, եթե կա Եվրոպա») և այսօրվա ՀՀ կառավարության նիստին։ Լրագրող Հայկ Գևորգյանը նախ գրել է, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է Հնդկաստանից Հայաստան գոմեշի մսի ներմուծման վերաբերյալ որոշման նախագիծը, ապա, ներկայացնելով ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների՝ նախագծի վերաբերյալ եզրակացությունները, տարօրինակ համարել, որ իբր «նախագծին փաստորեն դեմ են... հենց վարչապետի թիմի մարդիկ» (նիստում այդ հարցը չի քննարկվել - Կ.)։
«Առավոտի» հրապարակումներից մեկը փորձել է ներկայացնել «Տաթևը՝ մինչև ճոպանուղու բացումը»՝ տեղի բնակիչների մտահոգությունների և համապատասխան լուսանկարների համադրմամբ։
Մի այլ հրապարակման մեջ թերթը գրել է, որ Երևան ժամանած սփյուռքահայ երաժիշտ և Թեղուտի պաշտպանության խմբին «տարեսկզբին իր աջակցությունը հայտնած» Սերժ Թանկյանի այսօրվա համերգն անցնելու է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանավորության ներքո։