ուրբաթ, 13 օգոստոսի 2010
«Մտածում եմ, ուրեմն... ապրում եմ»
«Ես իմ դժգոհությունն եմ արտահայտում այդ թանկացումների նկատմամբ», «Որքան էլ տնտեսությունն անվանենք ազատական, բայց ազատական չի նշանակում անտերություն», «Կարծում եմ, որ ժողովուրդն ավելի արտագաղթի է հակված, քան սոցիալական բունտի»,- այս մտքերի հեղինակը Վարդան Բոստանջյանն է, որը պատասխանել է «Ժամանակի» հարցերին: Թղթակիցը «տարօրինակ» է համարում «իշխանական թևի պատգամավորից» նման խոսքեր լսելը, ինչին ի պատասխան ԱԺ պատգամավորը պարզաբանել է. «Սա քննադատություն չէ, սա հոգացավություն է: Միգուցե ես իմ դեգերումներում մի փոքր հեռու եմ գնում, բայց հեռու գնալ, մոտ մնալ` որևէ նշանակություն չունի: Ես չեմ ուզում որևէ մեկին վատաբանել, ես մտածում եմ»:
Լրագրողներին մտածելու և արտահայտվելու առիթ է տվել կադաստրի պետկոմիտեի նախագահի տեղակալը, որին երեկվա ճեպազրույցի ժամանակ տրված «խաչաձև» հարցերը ստիպել են հաստատել, որ «Մանուկ Վարդանյանի կադաստրից հեռանալուց հետո կաշառքն այնտեղ վերացել է» («Առավոտ») և «Այսինքն կոռուպցիան հիմա կադաստրում վերացվա՞ծ է» հարցին Աշոտ Մուսայանը պատասխանել է. «Այո, ներկայումս վերացված է» («Հայկական ժամանակ»): «Ժամանակն» իր հերթին կոռուպցիայի ազգային «առանձ¬նահատկությունների» մասին զրուցել է սոցիոլոգ Բագրատ Հարությունյանի հետ:
Խոշոր հարկատուների ցանկի վերլուծությունից «Առավոտի» Հռիփսիմե Ջեբեջյանին պարզ է դարձել, որ մեր «ազգային արժեքները» պարտքի տակ խրված են: Նրա հաշվարկով «Տոյոտա Երևանը» չնչին հարկեր է վճարել, մինչդեռ «ծառայողական մեքենա գնելիս բոլոր պետական կառույցները նախապատվությունը տալիս են «Տոյոտային» (այս բիզնեսով, ըստ թերթի, զբաղվում է Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակը-Կ.): Միայն ՀՀ ոստիկանության ձեռք բերած 70 մեքենաների գործարքի արդյունքում «մի քանի օրում պետբյուջեից Քոչարյանների ընտանեկան բյուջե մտավ 545 մլն 250 հազար դրամ»: Հոդվածագիրը հիշեցնում է նաև գոմեշի մսի ներկրման առիթով անցյալ տարի վարչապետ Տիգրան Սարգսյանի հրապարակած փաստերը: Հարցը կառավարության երեկվա նիստի օրակարգից հանելու առիթով թեման արծարծում են նաև «Հայկական ժամանակը», «Ժամանակը» («Կառավարությունը 37 րոպեում 44 որոշում է ընդունում, այնինչ...») և այլ լրատվամիջոցներ:
«ՀԺ»-ն թվարկում է երեկ թանկացած երկու հացատեսակ ևս, իսկ ՀՀ պարենի և մթերումների նախկին նախարար Դավիթ Զադոյանը «Առավոտին» ասում է, որ «առաջիկայում հացը ավելի է թանկանալու», և «հացի գնի վերահսկման ամենաարդյունավետ մեխանիզմը» ժողովրդի բողոքի ձայնն է:
Կառավարության երեկվա նիստից «ՀԺ»-ի ուշադրությանն արժանացել է նաև արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված գումարի ավելացման որոշումը: «Դրա պատճառը մեկն է` ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովը»,-կարծիք է հայտնում հոդվածագիրը` միանգամայն ավելորդ շքեղություն համարելով զբոսանավի ձեռքբերումը: Րաֆֆի Կ.Հովհաննիսյանն էլ «Առավոտում» տպագրված իր «Յո՞ երթաս, ՀԱՊԿ» հոդվածում այն միտքն է արտահայտում, որ եթե Ռուսաստանը իսկապես զինի Ադրբեջանի «ագրեսիվ, ռազմատենչ և ռևիզիոնիստ» վարչախմբին, ապա «Հայաստանը պետք է անհապաղ դուրս գա ՀԱՊԿ-ից»:
«Առավոտի» ֆոտոխցիկը որսացել էր վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատասենյակում սկսված «վերանորոգման ատրիբուտները», երբ աշխատակիցները «արագորեն» փակել են պատուհանները: Իսկ ահա «ՀԺ»-ն, պատմելով ԱԺ նիստերի դահլիճի նորոգման ընթացքի մասին, կասկած է հայտնում, թե դահլիճի նոր տեսքը «կնպաստի, որ մեր մականունավոր պատգամավորները սկսեն օրենքներ գրել»:
Փոխանցելով Հրանտ Բագրատյանի զարմանքը, թե ինչպես կարելի է «ռուսական պետական ընկերությանը» արտոնել կառավարության բակում շենք կառուցել, «Իրավունքը» հակադարձում է, թե երբ նախկին վարչապետն ամերիկացիներին էր տալիս «կոմսոմոլի կենտկոմի նախկին շենքը», ապա այդքան նրբազգացություն չէր դրսևորում: Մինչդեռ «ոչ մի օտարի չի կարելի թողնել «բնավորվել» այնպիսի վայրում, որի տակ ռազմավարական օբյեկտ կա»: