հինգշաբթի, 19 օգոստոսի 2010
Բագրատյանի «արիշ-վերիշը» և բնապահպանության «ազգայինը»...
«Առավոտ»-ում փորձելով մեկնաբանել անշարժ գույքի շուկայում տարվա առաջին կիսամյակում արձանագրված աշխուժությունը և գործարքների աճը, Հր. Բագրատյանը կարծիք է հայտնել, թե իբր դա ընդամենը օլիգարխների և կառավարության «նախկին ու ներկայիս» անդամների միջև տների վաճառքի արտացոլումն է, քանի որ «էս աղքատ ժողովուրդը, որ մտածում է` երկրից ոնց փախչի, ո՞նց է էդքան գործարք անելու»: «168 ժամն» անդրադառնալով «Նաիրիտ» գործարանի ներկայիս աննախանձելի ֆինանսական վիճակին և ուշագրավ համարելով փաստը, որ ձեռնարկության ղեկավար կազմին (թվով 20 մարդու) նախորդ տարի աշխատավարձ տրամադրելու համար հատկացվել է մոտ 235 մլն դրամ, «մինչդեռ 2100 բանվորի աշխատավարձը կազմել է ընդամենը 140 մլն դրամ», միաժամանակ ներկայացրել է գործարանի տնօրենի խոստումը, թե տևական ժամանակ չվճարված բանվորների աշխատավարձերի պարտքը կմարվի մինչև սեպտեմբերի մեկը: Երկու այլ հրապարակումներում թերթը նախ փորձել է երկրի տնտեսությունը ներկայացնող անցյալ և գալիք վիճակագրական տվյալները գնահատել շուկայում արձանագրվող գյուղմթերքների թանկացման և ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների «այցելության պատվին արագ-արագ արվող ասֆալտապատման» ֆոնին` երկրում Ռուսաստանի տնտեսական «վճռորոշ ազդեցության» պայմաններում, ապա ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանի տեսակետները ՀՀ տնտեսության ներկա վիճակի մասին («Այս մոդելով զարգացած երկիր չենք դառնա»):
«Ժամանակի» փոխանցմամբ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կառավարության այսօրվա նիստի օրակարգ է ներկայացրել «Մաքուր հայրենիք» ազգային ծրագիրը, որի առնչությամբ, ըստ թերթի, ՀՀ ԿԳ նախարարությունը առարկել է նշելով, որ «նպատակադրումները» և «միջոցառումների ծավալը» բավարար չեն ծրագիրը «ազգային» կոչելու համար: Մի այլ հրապարակման մեջ թերթն անդրադարձել է Գյումրի քաղաքում երեկ գիշեր «ամբողջապես փլուզված և ներքև իջած» առաստաղով բնակարանի դեպքին, «Գլենդել Հիլզ» կազմակերպության գործունեությանը և նկատել, թե «գյումրեցիները հրաժարվում են բնակարանից»:
«Հայկական ժամանակը» գրել է, որ թեև քաղաքակիրթ երկրներում պետական բյուջեի հաշվին ապրանքներ կամ ծառայություններ ձեռք բերելու համար հայտարարվում են մրցույթներ, սակայն դա Հայաստանում «ձևականորեն է այդպես»: Ըստ թերթի հաճախ «պետական այս կամ այն կառույցը դիմում է «մեկ անձից կատարվող գնումներ» գործընթացին, ինչը հնարավորություն է տալիս «առանց ձևեր թափելու պատվերը ուղղել որոշակի կազմակերպությունների» և կազմակերպել «փողերի լվացք»: