շաբաթ, 21 օգոստոսի 2010
Կարծիքների խորհրդավոր եզրերը
«Ազգը» փոխանցել է, որ ըստ ԱՎԾ հրապարակած 2010թ. հունվար-հուլիս ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների Հայաստանի տնտեսական աճը կազմել է 4 տոկոս, նաև հավելել, որ թեև «երկրի տնտեսությունը դուրս է գալիս ճգնաժամից», սակայն «դեռևս բավարար չափով դիվերսիֆիկացված չէ»: «Հայոց աշխարհը» գրել է, որ «տնտեսական աճը շարունակում է սեղմվել», հետևաբար «դեռևս վաղ է խոսել այս տարի սպասվող տնտեսական բարձր աճի մասին»: Մի այլ հրապարակման մեջ թերթն անդրադարձել է Խոսրովի արգելոցի ցավոտ հիմնախնդիրներին և «Գիլան» պետական արգելավայրի ստեղծման մասին կառավարության 2007թ. մայիսի որոշումը որակել «չարաբաստիկ»:
«Ժամանակը» ազդարարել է, թե սկսվել է տնտեսական ճգնաժամի երկրորդ փուլը. հրապարակման մեջ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը կարծիք է հայտնել, թե այն «մեկնարկել է» գազի թանկացումով, իսկ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նախ «վերջին գնաճը» որակել է «տնտեսական կոլապս» և հայտարարել, թե «իշխանությունների ձեռնարկած քայլերը...էլ ավելի են վնասել տնտեսությանը», ապա «ամենայն անկեղծությամբ ու պատասխանատվությամբ» նշել, թե «իրավիճակը փրկելու» միակ ելքը Կոնգրեսի հրապարակած «100 քայլ» ծրագրի «քայլ առ քայլ, կետ առ կետ» կատարումն է: Մի այլ հրապարակման մեջ թերթը զրուցել է ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանի հետ. վերջինս կարծիք է հայտնել, թե տնտեսության զարգացման նպատակով «հարկավոր է ընդամենը մի քանի հստակ մոտեցումներ» և «պետության կարգավորիչ դերի ճիշտ կիրառումը», ինչն ըստ պատգամավորի դեռևս չի երևում, որ արվում է: