հինգշաբթի, 26 օգոստոսի 2010
Երբ գալիս է սեպտեմբերը
«Կապիտալի» հետ զրույցում ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը անդրադարձել է երկրում առկա տնտեսական իրավիճակին և հայտարարել է, թե «կարճ ժամանակահատվածի համար տնտեսական աճի գաղափարը սին է և ունայն». խուսափել է առաջիկա տարվա համար ՀՆԱ-ի վերաբերյալ կամխատեսումներ անել նշելով, թե հրապարակված վիճակագրական տվյալների իսկությանը շատերը «կասկածում են», նաև հավելել, թե «գոյություն ունի կառավարման ոչ ցանկալի մակարդակ», իր հերթին «տնտեսվարողների մի մեծ զանգված իմաստազրկված է համարում իր հետագա գործունեությունը Հայաստանում»: Մի այլ հրապարակման մեջ թերթը հետամուտ է եղել «հացի թեմային» և գրել, որ մասնավորապես Չիկագոյի բորսայում «ցորենն էժանանում է», իր հերթին ցորենի խոշոր մատակարար Ուկրաինան «առայժմ չի շտապում հետևել Ռուսաստանի օրինակին» և սահմանափակել հացահատիկի արտահանումը:
«168 ժամը» փոխանցել է Հայաստանում ցորենի ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերությունների ներկայացուցիչների դիտարկումը, թե «հացն էլի է թանկանալու», իսկ «ներկայում սահմանված գներն էլ պայմանական են»: Մի այլ հրապարակման մեջ թերթը վերստին փորձել է գնահատել անցած ամիսների տնտեսական աճի ցուցանիշները և կարծիք հայտնել, թե «իշխանական քարոզչամեքենան» որպես կանոն «պեղում ու ներկայացնում է այն ցուցանիշները, որոնցում աճ է արձանագրվել»` «ոգևորությունը չկոտրելու համար»:
«Հայկական ժամանակը» փորձել է գտնել «հացի գնի բարձրացման ու բենզինի գնի նվազման միջև» կապը և եզրակացրել, թե «խնդիրն այն է, որ Հայաստանը մտել է հզոր գնաճային փուլ», երբ «իրար ետևից թանկանում են առաջին անհրաժեշտության ապրանքները», մինչդեռ բենզինը այն «իդեալական ապրանքատեսակն է», որի գնի «նախընտրելի փոփոխության պարագայում» ԱՎԾ-ն կարող է, իբր, «տարբեր հաշվարկներով ու մեքենայություններով» ի վերջո ներկայացնել նախատեսված «տարեկան 6 տոկոս գնաճը»:
«Ժամանակը» գրել է, որ կառավարության այսօրվա նիստում պատրաստվում են լսել 2010թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ-ում մարդկանց շահագործման` թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ տարված աշխատանքների հաշվետվությունը և նկատել, թե «նախագծին անգամ հպանցիկ հայացքը» ցույց է տալիս, որ իշխանությունները «առիթը բաց չեն թողել բյուջեից գումար դուրս գրելու և դրանք գրպանելու համար»: Մի այլ հրապարակման մեջ թերթը նախ նշել է, թե «պետությունը 300 մանկատան անօթևան սաներին բնակարան է պարտք», ապա հավելել, որ 2008թ.-ից սառեցված մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին պետական աջակցության ծրագիրը չի գործում, քանի որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «երկու տարի է մտածում է» բնակարանների հատկացման «նոր մոտեցումներ փնտրել և գտնել»:
«Նովոյե վրեմյան» անդրադարձել է Հայաստանից արտերկրներ ամառային հանգստի մեկնողների թեմային և հայտարարել, թե այս ամառ «20մլն դոլար Հայաստանից հոսել է Սև ծով»:
«Գոլոս Արմենիին» նշել է, որ թեև դեռևս 2005-ից սկսած Հայաստանում տնտեսության գիտատար ոլորտների, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը «հայտարարվել է գերակայություն», այդուհանդերձ, ըստ փորձագետների այդ բնագավառում արձանագրված դանդաղ առաջընթացի պատճառը «մեր հոգեկերտվածքն է» և համապատասխան քարոզչության պակասը: