ուրբաթ, 27 օգոստոսի 2010
Որպեսզի ավտոմեքենաները չուտեն մարդկանց
Տեխզննման կայանների ազատականացման և մաքսային օրենսգրքի փոփոխության երեկվա որոշումները ԶԼՄ-ների մեծ մասը դրական է գնահատում. «Ավտոսիրողները զերծ կմնան քաշքշուկից» («Հայաստանի Հանրապետություն»), «Ներմուծված ավտոմեքենաները հարկ կլինի գրանցել 10 օրվա ընթացքում» («Կապիտալ»), «Մեքենաների տեխզննման ոլորտը ազատականացվեց», «Արտոնավճարների ցանկը կընդլայնվի, մեքենաների ժամանակավոր ներմուծման ռեժիմը կարգելվի» («Ազգ»), «Ժամանակավոր ռեժիմով ներմուծումը կարգելվի», «Տեխզննումը կհեշտանա» («Առավոտ»)։ Ինչպես միշտ ինքնատիպ կարծիք է հայտնում «Հայկական ժամանակը». «Այս փոփոխություններով նախատեսվում է այնպես անել, որ մեր քաղաքացիների համար «ժամանակավոր ներմուծում» ռեժիմից օգտվելը դառնա կամ անհնար, կամ շատ դժվար»։ Որպես դրա արդյունք «ՀԺ»-ն նշում է բյուջե մուտք գործելիք «մի քանի տասնյակ միլիարդ դրամի եկամուտը», ինչը թերթին ակնհայտորեն դուր չի գալիս։
«Ժամանակն» ընտրել է կառավարության այն որոշումը, որով փոխվել է Արմավիրի մարզի Ոսկեհատի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ «բենզալցակայանի տարածքի ընդլայնման համար»։ Թերթը ներկայացնում է գյուղի անմխիթար վիճակը և կասկած հայտնում, թե ըստ երևույթին «հողերը միտումնավոր չորացնում են, որ գյուղը վերածվի բիզնես-կենտրոնի, որից օգուտ քաղողները միայն կաթողիկոսամերձ շրջանակներն են լինելու»։ Բանն այն է, որ Ոսկեհատը Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդավայրն է, գյուղապետն էլ՝ կաթողիկոսի եղբայրը։
«Կառավարությունը ձեռքերը լվացել է («Առավոտ»), «Ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում» («Ազգ»),-այս մտքերի հեղինակը հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն է։ Նրա կարծիքով կառավարությունը, որդեգրելով «ազատ շուկայական, շոկային թերապիայի քաղաքականություն, ձեռքերը լվացել է ցանկացած տնտեսական գործառույթում մասնակցություն ունենալուց»։
«Իրավունքը» շրջել է Սևանի ափով և ականատես եղել, որ «Այսպես են հոշոտում Սևանա լիճը». «Ի՞նչ ունենք այսօր, մի կողմից՝ ձկնագողություն... մյուս կողմից՝ ջրի տակ անցնող ամբողջ ափամերձ աղբի պատճառով աղտոտվում է լիճը...Ըստ էության անիմաստ են դառնում տարբեր խնդիրներ լուծելու համար պետության կատարած ծախսերը»։
«Կապիտալը» զրուցել է Մանուկ Հերգնյանի հետ, ում կարծիքով հայկական ապրանքների ցածր մրցունակության պատճառներն են ընկերությունների ընդհանուր կառավարման և ՏՏ օգտագործման ցածր մակարդակը, մասնագիտական ներուժի պակասը։