երեքշաբթի, 31 օգոստոսի 2010
Ավելի լավ է շատ անգամ լսել...
ՀՀ գյուղատնտեսության նախարարի երեկվա ասուլիսը հիմնականում դրական արձագանք է ստացել. «Խաղողի մթերման խնդիրներ չեն լինի, իսկ ցորենի գնի բարձրացման խնդիրը կլուծվի սերմնաբուծության զարգացման ծրագրի շնորհիվ» («Հայաստանի Հանրապետություն»), «Հացամթերքի էական թանկացում չի սպասվում, իսկ կարտոֆիլը կէժանանա» («Հայոց աշխարհ»), «Հացահատիկ ներմուծվել է լիուլի, բայց ինչո՞ւ է հացի գինն աճում» («Նովոյե վրեմյա»), «Ներմուծողները վնասո՞վ են աշխատում. ցորենի գնի աճը գյուղնախարարին «էական» չի թվացել» («Կապիտալ»), մանավանդ, որ Գերասիմ Ալավերդյանը հերքել է իր հնարավոր պաշտոնանկության լուրը` այն որակելով «անհիմն և իրականության հետ կապ չունեցող» («Հայկական ժամանակ»): «Իրավունքի» թղթակիցը, մեջբերելով նախարարի այն տարակուսանքը, թե երբ ցորենի, գազի, տրանսպորտի գինը բարձրացել է, ապա ինչպե՞ս կարող է հացի գինը չաճել, ուշացած հարց է ուղղում նրան` «պարոն նախարարը ինչո՞ւ չի բացատրում», թե ցորենն էժանանալու ժամանակ ինչո՞ւ հացը չի էժանացել: Այս թերթը կարծիք է հայտնում, որ «Այս թանկացումներն էլ մոնոպոլիստական գերշահույթների պատճառով են»: Ավելին, կառավարության կողմից ավտոմեքենաների «ժամանակավոր ներմուծում» ռեժիմից առհասարակ հրաժարվելը նույնպես «ծառայելու է խոշոր ներմուծողների և վերջնահաշվարկում, փողատերերի օգտին»: «Հայկական ժամանակն» էլ հաշվարկ է արել, որ կառավարության առաջարկած փոփոխությունն ընդունելու պարագայում այսուհետ հարկային եկամուտների ավելի քան 10 տոկոսը կձևավորվի մեքենաների մաքսազերծումից»:
«Գոլոս Արմենիին» «Ինովացիոն մշուշ, որտեղ նկատվում են առանձին դրվագներ, բայց ամբողջական պատկեր չկա» հոդվածում նկարագրում է տվյալ ոլորտում կառավարության ձեռնարկած քայլերը և հանգում այն եզրակացության, որ չնայած կատարված որոշ աշխատանքին, Հայաստանում «ինովացիոն տնտեսություն ինչպես չի եղել, այնպես էլ չկա»: Թերթի մեկ այլ թղթակից փորձել է բացահայտել Հնդկաստանից գոմեշի մսի ներմուծման բոլոր հանգամանքները և եզրակացրել, որ կառավարությունը բավարարվել է համապատասխան որոշումն ընդունելով և ցանկություն չի դրսևորել ի հայտ բերել գոմեշի մսի «հերոսապատումի» մասնակիցների ամբողջ շղթան: