ուրբաթ, 3 սեպտեմբերի 2010
«Ախր շատ են գողանում...»
Լրատվամիջոցներին շատ է հետաքրքրել Սևանա լճի մաքրման ընթացքում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը. «Սևանի մաքրման աշխատանքները՝ անբավարար. քրեական գործ է հարուցվել պատասխանատու 3 ընկերության նկատմամբ» («Ազգ»), «Հարուցվել են քրեական գործեր. այդպես էին մաքրում Սևանա լիճը» («Հայոց աշխարհ»), «Ջուրը բոլոր հետքերը չէ, որ մաքրում է», («Իրավունք»)։ Վերջինս նշում է, որ դեռ տարին չլրացած՝ «երկրորդ անգամ հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվում ՀՀ բնապահպանության նախարարությունը»։
Տպագիր մամուլը շարունակում է նաև Արտակ Շաբոյան-Խաչիկ Մանուկյան բանավեճի արծարծումը՝ հիմնականում շարադրելով արդեն հայտնի փաստերը. «Հայոց աշխարհ» («Հանձնաժողովի և «Լուսակերտի» միջև սև կատու է անցել»), «Իրավունք» («Մանր ժուլիկություն մեծ թռչնաբույծից»)։
«Հայկական ժամանակը» շարունակում է վրդովվել, որ իշխանության ներկայացուցիչների գնահատականը տնտեսության զարգացմանը կամ «ամենատարրական տեղեկատվության» բացակայության հետևանք է, կամ էլ նրանք «ուղղակի ստում են»։ Թերթը այն միտքն է արտահայտում, որ «ընդամենը մի փոքրիկ ճգնաժամը» բավական եղավ, որպեսզի հօդս ցնդի քոչարյանական երկնիշ աճի առասպելը, այժմ էլ գովերգվող տնտեսական զարգացումը իրականում հակազարգացում է։
«Ժամանակի» խմբագրականի հեղինակը «մի օր չի լսել, որ Հայաստանի վարչապետը կամ նախագահը ցանկանան խորամուխ լինել, թե ինչու, օրինակ, Հայաստանում արտադրվող առաջին անհրաժեշտության սպառման ապրանքները արտադրողից վաճառասեղան թանկանում են ոչ թե տոկոսներով, այլ անգամներով»։ Եվ թերթն ստիպված ինքն է իր բացատրությամբ լրացնում այդ «բացը»։
«Հայոց աշխարհը» ավարտել է Արտաշես Գեղամյանի «Բարդ ժամանակներ ենք ապրում, և սպասելի է ամեն ինչ» հոդվածի տպագությունը, իսկ «Հայկական ժամանակը» ընթերցողին է ներկայացրել ՀԱԿ-ի «Կենսաթոշակային բարեփոխման ծրագիր» նախագիծը։