ուրբաթ, 10 սեպտեմբերի 2010
«Էս սարն իմն է...»
«Հայկական ժամանակին» շատ է հետաքրքրել, թե կառավարության որոշմամբ Վայքում ագրոզբոսաշրջային համալիր կառուցելու ժամանակ քանի՞ ծառ է հատվելու: ՀՀ քաղաքաշինության նախարարը խոստացել է հարցին հստակ պատասխանել «երբ որ նախագիծը հաստատվի»: Այդ ճեպազրույցը լուսաբանել է նաև «Առավոտը», որն, ի դեպ, անդրադարձել է նաև նիստի օրակարգի մի շարք այլ հարցերի («Եվս մեկ համալիր` այս անգամ Վայոց ձորում», «Սևանից ավելի շատ ջուր կվերցնեն»): «ՀԺ»-ն բնական է համարում, որ կառավարությունը որոշել է փոխհատուցել գազի թանկացման հետևանքով նպաստառուների և կենսաթոշակառուների ծախսերը, բայց քանի որ «ըստ պաշտոնական վիճակագրության, ընդհանուր առմամբ կյանքը թանկացել է արդեն մոտ 10 տոկոսով», նրանք նույնիսկ 2 հազար 500 դրամ ավելի ստանալու դեպքում «ավելի վատ են ապրելու», մանավանդ արդեն իսկ 30 տոկոսով թանկացած ձեթն ավելի է թանկանալու: «Ժամանակի» թղթակիցը, զրույցի հրավիրելով ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին և նրանից չլսելով մեր իրականությունը ամբողջովին սև գույնով ներկայացնող դատողություններ, ինքն է բանավեճի բռնվում նրա հետ` չմոռանալով նյութին տալ «Անհաջող է ոչ թե տարին, այլ իշխանությունները» վերնագիրը:
Մրցունակության համաշխարհային զեկույցին անդրադարձել են «Առավոտը» («Կոռուպցիան և հարկայինը գրեթե նույն չափով են խանգարում»), «Կապիտալը» («Մեկ քայլ հետ. մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանը նահանջել է»), «Իրավունքը» («Կոտրած տաշտակի առաջ ու առանց ոսկե ձկնիկի»):
Լրագրողներն օգտվել են ՀՀ ԱԺ նիստերի դահլիճի նորոգման ընթացքը լուսաբանելու առիթից և մի շարք հարցեր ուղղել ԱԺ նախագահին. «Հակաքարոզչության պատվիրատուները նաև իշխանությունի՞ց են. իր դեմ ուղղված հաճախակի դարձած հրապարակումների վերաբերյալ այս տարբերակն «Առավոտի» հետ զրույցում չբացառեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը», «Մեր երկրի կառավարությունը, Հայաստանի վարչապետը շատ լավ են աշխատում, հուրախություն քեզ, հուրախություն մեր երկրի, հուրախություն մեր ժողովրդի» («Իրատես դե ֆակտո»):
«Գյուտ է արել` տեր կանգնող չկա» թղթակցության մեջ «Առավոտը» գրում է, որ ինժեներ Համլետ Դավթյանը ստեղծել է մի շարժիչ, որը կարող է «վառելիքը տնտեսել 3 անգամ», սակայն պատկան մարմինները դրան ուշադրություն չեն դարձնում: