շաբաթ, 11 սեպտեմբերի 2010
Լուրեր և «ավետիս»
«Ժամանակի» «լավատեղյակ աղբյուրները» միանգամից երկու լուր են փոխանցում ընթերցողին. առաջին, որ ՀՀ նախագահը «կառավարությունում որևէ փոփոխություն կատարելու մտադրություն չունի», հետևաբար` պաշտոնանկ չի անի նաև Արամ Հարությունյանին, և երկրորդ, որ «իշխանությունները մտադիր են Արմեն Աշոտյանին դեսպան նշանակել» Ճապոնիայում կամ Հոլանդիայում: «Հայկական ժամանակի» տեղեկությունն ավելի ազդեցիկ է` «մինչև այս ամսվա վերջ հնարավոր է, որ բենզինը կրկին թանկանա»: Սակայն մամուլի համար ցնցող է եղել վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա «ավետիսը» հայ հասարակությանը, որ «Ռուսաստանը մտադիր է հաջորդ տարի թանկացնել Հայաստանին տրվող գազը» («Ժամանակ»): Կենսաթոշակառուները դեռ չեն հասցրել ստանալ կառավարության սահմանած փոխհատուցումը գազի մայիսյան թանկացման դիմաց, հիմա էլ «Եղբայր, բռատ... առը-հա» («Հայկական ժամանակ»), «Սա դիվերսիա է հայ ժողովրդի նկատմամբ» («Ժամանակ»), «Գազի գնի շուրջ բանակցում են» («Առավոտ»), «Գազն ուշադրության կենտրոնում է. վարչապետը հաստատում է գազի գնի շուրջ բանակցությունների փաստը» («Կապիտալ»): «ՀԺ»-ի տեղեկացմամբ գազ գնելու թեման կարող է ընդհանրապես չքննարկվել վարչապետի` Իրան կատարելիք այցի ընթացքում, քանի որ «դա իրանցի պաշտոնյաների հետ կարող են քննարկել միայն ռուսները և որոշման մասին հեռախոսով տեղյակ պահել մերոնց: Սա է ֆորպոստների ճակատագիրը»: Այս անուրախ մեկնաբանությունների շարքում միակ քիչ թե շատ լավատեսական երանգը պահպանվում է «Կապիտալի» հոդվածում. «գազի գնի թռիչքային աճը ձեռնտու չէ «Գազպրոմի» հայկական դուստր «Հայռուսգազարդին», քանի որ թանկացումը հանգեցնում է սպառման ծավալի կրճատմանը»:
«168 ժամը» տեղ ու տրամադրություն է գտնում արծարծելու խորհրդարանական ընտրության թեման և փոխանցում «իրազեկ ՀՀԿ-ականների» այն ենթադրությունը, թե իբր քննարկվում է «ՀՀԿ ցուցակի առաջին հորիզոնականը վարչապետ Տիգրան Սարգսյանին հատկացնելու հնարավորությունը», ինչը «մեծ հարված է հատկապես հնաբնակ ՀՀԿ-ականների համար»: