շաբաթ, 25 սեպտեմբերի 2010
Տպագիր մամուլի ակտիվությունը
Այն աննախադեպ է կառավարության նիստի լուսաբանման առումով: «168 ժամի» կարծիքով «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ «2014-ից թանկանալու են բենզինը, դիզելային վառելիքը և ծխախոտը»: Իրենց ընկալումները տարբեր կերպ են արտահայտում մյուս թերթերը. «Բենզինն ու ծխախոտը կթանկանան օրենքով» («Առավոտ»), «Ծխախոտի թանկացումը` ծխելու դեմ պայքարի միջո՞ց» («Հայաստանի Հանրապետություն»), «Կառավարությունը պայքարելու է ծխելու դեմ» («Կապիտալ»), «Ծխախոտի գները պետք է աստիճանաբար բարձրացնել» («Ազգ»), «Հայաստանն այսօր հարկային մուտքերի լուրջ պրոբլեմ ունի և այդ կերպ փորձում է լուծել այդ հարցերը:.. Իսկ դրանից տուժելու են հենց ծխողները» («Ժամանակ»):
Երեկվա նիստի մյուս հարցերից «Կապիտալն» առանձնացրել է աուդիտորների հանդեպ վերահսկողության խստացումը, «Առավոտը»` մանկավարժներին ավտոմեքենաներ նվիրելը («Ժիգուլու» փոխարեն «Հունդայի» կվարեն), «Հայկական ժամանակը»` նախարար Աշոտյանի այն միտքը, թե «Ժիգուլու» փոխարեն կարելի է արտասահմանյան մեքենա գնել («Այդ երբվանի՞ց «Ժիգուլին» դարձավ տեղական»): Իրոք, չկա չարիք` առանց բարիքի. եթե Աշոտյանը «չվրիպեր», ապա «ՀԺ»-ն ինչո՞վ էր «զարդարելու» իր առաջին էջը, «եթե չլիներ «եթե» բառը», ապա «168 ժամը» չէր գրի նույն վերնագրով հոդվածը, չէր նկատի Վարդան Այվազյանի խոսքի էվոլյուցիան («Հետևություններ» անելու ժամանակը»), Էդվարդ Սանդոյանի նախանձելի հիշողությունը («Եթե 2010 թվականը համեմատենք 1991-ի հետ` կտեսնենք, որ բոլոր չափորոշիչներով հիմա առավել ոչ շուկայական ենք, քան այն ժամանակ»):
«Հայկական ժամանակը» ուսումնասիրում է երեկ ընդունված «մի անմեղ, մի աննկատելի» որոշում և վերահաստատում իր համոզմունքը, որ «քոչարյանական սեփականաշնորհումը» ոչ թե թալան էր այլ... «ալաֆ»: Թերթը լույս է սփռում նաև դեռ մեկ տարի առաջ Լոս Անջելեսում ձերբակալված հայ դիվանագետների գործի վրա և հայտարարում, որ «ՀՀ իշխանությունները պետական մակարդակով միջազգային հանցագործություն են պարտակում», իսկ հետուստատեսային նոթերում ժխտում մեր երկրի բնակչության ազատ լինելու հանգամանքը և մանավանդ այդ մասին խոսելու իրավունքը:
«Գոլոս Արմենիին» համադրում է Վրաստանի իշխանության կողմից Հայաստանի հանդեպ վերջին ժամանակներս կիրառված «պատժամիջոցները»` դրանք համարելով ՄԱԿ-ում վրացական բանաձևը չպաշտպանելու հետևանք: