ուրբաթ, 24 սեպտեմբերի 2010
Գյուղնախարարության աշունը-2
Այս ոլորտի համակողմանի քննադատության գործում մեծ ներդրում են ունեցել Թաթուլ Մանասերյանը («Գյուղատնտեսության ոլորտում վարվող քաղաքականությունը հավասար է զրոյի»- «Ազգ»), Արամ Աբրահամյանը («Իսկ ինչո՞ւ են, այնուամենայնիվ, այդքան բարձրացել գյուղմթերքների գները: Անձամբ ես միայն մեկ հիմնական բացատրություն ունեմ. կառավարության և նախևառաջ` համապատասխան գերատեսչությունների վատ աշխատանքի պատճառով»- «Առավոտ»), Արտաշես Գեղամյանը («Գյուղատնտեսության անկման հիմնական պատճառներից է կառավարության ինքնահեռացումը գյուղացիական տնտեսությունների համար անհրաժեշտ բիզնես միջավայրի ձևավորման հարցերի լուծումից»- «Հայոց աշխարհ»), Քերոբ Սարգսյանը («Կրկին հիմնական մեղավորը գյուղատնտեսությունն է»- «Իրավունք»):
Կան նաև լավատեսներ, և նրանց թվում են Գագիկ Մինասյանն ու Վարդան Այվազյանը. «Գնաճ կա, բայց մեղմ» («Առավոտ»), «Օլիգարխների փաստաբանները. ԱԺ հանձնաժողովների նախագահները արդարացված են համարում մենաշնորհների գոյությունը» («Կապիտալ»):
«Հայկական ժամանակը» «Բա պանիրը, բա թթուն» հոդվածի նյութ է դարձրել ՊԵԿ հրապարակած խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի ամփոփ ցուցանիշները, որոնց համաձայն այդ կատեգորիայի հարկատուների իրականացրած «ներմուծման ծավալները աճել են, արտահանման ծավալները, մեղմ ասած, նվազել»: Ըստ թերթի, դրա պատճառներից մեկն էլ դրամի արժևորումն է. «ինչպե՞ս կարող է արժևորվել դրամը մի երկրում, որի ընթացիկ հաշվի հաշվեկշիռը բացասական է»:
ՀՀ վարչապետի Չինաստան կատարած այցի համատեքստում «Դելովոյ էքսպրեսը» հոդված է գրել, թե ինչպես է ձախողվել չինական ներդրումը երկրի համար մի այնպիսի կարևոր ոլորտում, ինչպիսին ջերմատնային տնտեսության զարգացումն է:
«Ազգը» պարզաբանում է, թե ինչ նպատակ է հետապնդում և ինչ արդյունք կարող է տալ ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման ներդրումը հունվարի 1-ից: