չորեքշաբթի, 29 սեպտեմբերի 2010
«Եվ իմ անզոր թևերով ազատություն գրկեցի»
Երեկվա մրցանակաբաշխությունը լուսաբանել են «Հայաստանի Հանրապետությունը» («Ոսկե բանալի»` «Ժանգոտ կողպեքը» բացելու համար. հասարակությունը պետք է լիարժեք իրացնի տեղեկացված լինելու իր իրավունքը»), «Ազգը» («Ոսկե բանալիներն» ու «Ժանգոտ կողպեքը» գտան իրենց տերերին. տեղեկատվական ազատության ամենամյա մրցանակաբաշխությունը»): «Առավոտը» ազատորեն օգտվել է ՀՀ վարչապետի ներկայությունից և «ֆուրշեթի ընթացքում, ոտքի վրա» հարցեր ուղղել նրան, ստացել պատասխանները: Սակայն չտրված հարցեր էլի են մնացել:
«Հայկական ժամանակը» տեղեկացել և ընթերցողին տեղեկացրել է, թե ինչպես է ՀՀ վարչապետն իբր փորձում կրճատել տարատեսակ հիմնարկների, այդ թվում` քրեակատարողական վարչության և դատապարտյալների ծախսերը: «Ժամանակին» հայտնի է դարձել, որ Թաթուլ Մանասերյանի դեմ քրգործ է հարուցվել «վաշխառությամբ զբաղվելու» կասկածանքով: Նույն թերթը, ի պատասխան իր հարցման ֆիննախից տեղեկանալով, որ ՀՀ տարածքում գործում է 10 խաղատուն, կասկածել է և «շրջայց կատարելով Հայաստանի որոշ հատվածներում», պարզել, որ կա ևս 31 խաղատուն: «ՀԺ»-ին հետաքրքրել է կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը` «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված ՀՀ ֆինանսների նախարարության գործունեության ծրագիրը»: Դրան ծանոթանալուց հետո թերթի ականջին սկսել են անբնական հնչել «դրույթներ», «նախանշված» և նման կարգի բառերը, և «ՀԺ»-ն չի կարողացել լուրջ վերաբերվել սույն փաստաթղթին:
«Առավոտը», զրուցելով Շիրակի մարզի Ազատանի և Մարմաշենի գյուղապետների հետ, ենթադրում է, որ այս մարզում «կառավարության սերմնարտադրության ծրագիրը կարծես թե ձախողվում է» և իր հոդվածը վերնագրում «Ցորենի էլիտար սերմացուն` էլիտա՞ր մարդկանց»:
ՀԱԿ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը չի ընդունել կոնգրեսի կենսաթոշակային բարեփոխման ծրագրի վերաբերյալ «Կապիտալում» ավելի վաղ տեղ գտած քննադատությունը և հնարավորություն է ստացել իր հերթին քննադատել կառավարության ձեռնարկած քայլերը: Ծավալուն հարցազրույցի էությունը կարելի է ի մի բերել ՀԱԿ տնտեսագետի մեկ նախադասությամբ` «Ոչ մի բարեփոխում էլ այս տնտեսական համակարգում չի կարող աշխատել»:
«Առավոտը» տպագրել է ՏԲՎՏ կենտրոնի աշխատակից Հասմիկ Առաքելյանի «Տաթևի նոր թևերը» լուսանկարային ռեպորտաժը, ուր լուսաբանվում է մոտ օրերս գործարկվելիք համալիրի բարեկարգման ավարտական փուլը: