ուրբաթ, 8 հոկտեմբերի 2010
Բյուջեի քննարկումը շարունակվում է
Մի քանի թերթեր շարունակել են անդրադառնալ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի 2011 ՀՀ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ասուլիսին. «Կայուն զարգացման բյուջե» («Ռեսպուբլիկա Արմենիա»), «Ընդլայնողական քաղաքականությունը ավարտվել է» («Դելովոյ էքսպրես»): Մասնավորապես «Հայկական ժամանակը» նախ «իր հանգույն» տեղեկացրել է, որ «Մեղրիով անցնող երկաթգիծն ամբողջությամբ ապամոնտաժվում է», ապա ընթերցողներին փորձել ապացուցել, որ Իրան-Հայաստան երկաթուղու և ՀՀ-ում կառուցվելիք նոր ատոմակայանի նախագծերը «պետք է դասել հեքիաթայինների շարքին» և «մերոնք «Հայկական աշխարհ են կառուցում, որը նույնիսկ չգիտեն ինչ է»: «Իրավունքը» իր վերաբերմունքն արտահայտել է հոդվածի վերնագրով` «Հայաստանում 1+1-ը կարող է 3 էլ լինել»` հընթացս չմոռանալով նաև նշել, թե «ՊԵԿ-ը արդեն խուսափում է պատշաճ տեղեկատվություն ներկայացնել» ու «հեքիաթասացության սինդրոմ» որակելով գալիք տարվա տնտեսական վիճակի մասին կանխատեսումները: «Կապիտալը» տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարության և ԱՄՀ-ի հաշվարկները տնտեսական աճի վերաբերյալ համընկել են. «այս տարի 4 տոկոս, 2011թ. համար 4.6%, իսկ 2015թ. համար 4 տոկոս»: «Հայոց աշխարհը» գալիք տարվա բյուջեով գիտությանը տրամադրվող գումարների զգալի ավելացումը համարել է «ուշագրավ իրողություն», վերստին փաստելով, որ «գիտության ոլորտը բարեփոխման կարիք ունի», նույն «Հայկական ժամանակը» իր «բողոքի գրքում» փոխանցել է գիտնականի կին և մայր Ս.Վարդանյանի հարցերը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Երեկ ՀՀ ԱԺ-ի կողմից «Ակցիզային հարկի» և «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» օրենքների ընդունման իրողությանը «Իրավունքը» անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ զրույցի միջոցով, «Կապիտալը» եզրակացրել է, որ «Ծխելը, խմելը և քշելը բյուջեն ավելի շատ կլրացնեն», «Հայոց աշխարհը» թե` «Ինչպես կտրել հայրենական արտադրության ծուխը»:
«Առավոտը» լուսաբանել է կառավարության երեկվա նիստը, շեշտել ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետին տրված հարցերի անհստակ և անվստահ պատասխանները` «Լուծարում` անհայտ պատճառներով», նաև նշել, որ երեկ Գյումրիում բացվել է «Շիրակ էքսպո» 2010 տոնավաճառ-ցուցահանդեսը», փոխանցելով մի քանի շիրակցի գործարարների դժգոհությունը «սահմանված ծանր հարկերից», որ «բիզնեսին խանգարողը օլիգարխիան է», որ «կառավարությունն ավելի շատ խոսում է, քան գործում»: Թերթը հոդված է նվիրել նաև քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ զեկույցի հաստատմանը` «Օրենքի դրույթները կիրառելի են սակավաթիվ մարմիններում, բացահայտել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը»: Պարբերականի փոխանցմամբ երեկ ոստիկանությունը անվտանգության ապահովման պահանջներին առնչվող խախտումների հայտնաբերման նպատակով ստուգումներ է նախաձեռնել փողի փոխանակման կետերում:
«Իրավունքը» մեջբերել է մի հատված ՀՀ վարչապետի բլոգի «Բողոքի գիրք» բաժին դիմած մոսկվաբնակ Կարեն Միրզոյանի նամակից. «Հասկանալով Ձեր զբաղվածության աստիճանը, այնուամենայնիվ խնդրում եմ Ձեր անմիջական հսկողության տակ վերցնեք Զարուհի Պետրոսյանի սպանության ցնցող դեպքը»: Նույն թերթի «Բամբասանք» խորագրի ներքո հայտնվում է, որ իբր «Հայաստանի սահմաններից դուրս իրար են հանդիպել Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը» և քննարկել մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունները:
* * *
Ի պատասխան «Նաիրիտի» աշխատակիցների` մեր թերթում տպագրված բաց նամակի, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը հանդես է եկել հետեւյալ հաղորդագրությամբ. «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցներ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և պարզաբանումներ խնդրել գործարանում ստեղծված իրավիճակի եւ արդեն հայտնի խնդիրների հանգուցալուծման վերաբերյալ: Ի պատասխան «Նաիրիտի» աշխատակիցների նամակի` տեղեկացնում ենք, որ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հանդիպել է «Նաիրիտի» մի խումբ աշխատակիցների հետ: Հանդիպման ժամանակ պարզաբանումներ են տրվել ինչպես աշխատավարձի, այնպես էլ «Նաիրիտի» հետագա գործարկման հետ կապված խնդիրների շուրջ: Փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծված խնդիրները հաղթահարելու եւ աշխատանքային բնականոն ռիթմի վերադառնալու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու շուրջ»:
«Հայկական ժամանակ», 08.10.2010