շաբաթ, 9 հոկտեմբերի 2010
Մամուլի հետաքրքրասիրությունը և ԱՄՀ-ի թելադրանքը...
Ուկրաինական «Պրոֆիլ» թերթի հարցազրույցը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հայկական մամուլում «լրացուցիչ հրապարակումների» առիթ է հանդիսացել. «Էստի համեցեք» («Ժամանակ»), «Ուկրաինացի գործընկերներին հրավիրում ենք Հայաստան» («Հայաստանի Հանրապետություն»): «168 ժամին» առանձնապես հետաքրքրել են ՀՀ վարչապետի` ռոք երաժշտության վերաբերյալ մտորումները («Անարդար աշխարհ») և Հայաստանում շուկայի ազատականացման ու «90ականների սկզբի մասնավորեցման» (սեփականաշնորհման) գործընթացների» մասին գնահատականները («Սարգսյա˜ն, կողմնորոշվիր»): «Կապիտալը» թարգմանաբար և որոշ կրճատումներով ներկայացրել է հարցազրույցը` ի մասնավորի շեշտելով, որ Հայաստան ներկրվող գազի հարցում «ռուս գործընկերների հետ հիմնական բանավեճը գազի գնի որոշման մեթոդաբանությունն է», քանի որ «գործարարները և, իհարկե, բնակչությունը պետք է պատրաստ լինեն գների փոփոխությանը»: Մի այլ հրապարակման մեջ թերթը (նաև այլ պարբերականներ), տեղեկացրել են, որ հոկտեմբերի 18-ից կսկսվի ավտոապահովագրությունը, հավելելով նաև, որ «պոլիսների սակագները հաշվարկելիս հաշվի են առնվել որոշակի հանգամանքներ միայն (ավտոմեքենայի տեսակը, շարժիչի հզորությունը և այլն), և որ դրանք «պոլիսում և գյուղերում նույն արժեքն ունեն»:
«Հայկական ժամանակը» նախ «գուժել է», թե «իր ունեցած տեղեկություններով» ՊԵԿ-ի հարկային տեսչությունը, հակառակ հրապարակված տվյալների, մոտ 25 տոկոսով թերակատարել է «հարկերի հավաքագրման ամսական պլանը», ապա` «Ակցիզային հարկի մասին» և «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթի ընդունումը ԱԺ-ի կողմից համարել «ԱՄՀ-ի թելադրանքով»:
«Առավոտը» և «Ժամանակը» համապատասխանաբար փոխանցել են 2011թ. ՀՀ բյուջեի նախագծի վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Գագիկ Մինասյանի տեսակետները («Հովանավորչություն է եղել») և փոխնախագահ, ԲՀԿ-ական խմբակցության ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանի վերաբերմունքը («Բոստանջյանը ողջունում է ՀՅԴ մոտեցումները»):