չորեքշաբթի, 13 հոկտեմբերի 2010
Հարկային մուտքերի աճի վկայությունները...
«Ժամանակը» կարծիք է հայտնել, որ ներկայիս «դրամի արժևորումը տրանսֆերտների «ճնշման» հետևանք է, դա արվում է անգամ այն դեպքում, երբ ներմուծվող ապրանքների գներն արհեստականորեն բարձր են պահվում («քանի որ այդ շուկան մոնոպոլիզացված է իշխանությունների կողմից»), իր հերթին «ԿԲ-ն շարունակում է կուրսը ֆիքսված պահել»: Նրան միացել է նաև տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հավելելով, թե իր համար պարզ էր, որ դրամի «արժևորման ուղղությամբ ճնշումները սեպտեմբերին պետք է ուժեղանային` կապված նրա հետ, որ տուրիստական շրջան է», իսկ «կառավարության գործողությունների արդյունքում այսօր ռեալ փոխարժեքի կուրս չունենք»:
«Առավոտը» նկատել է. թե «Մաքուր հայրենիք» ծրագրի վերաբերյալ կառավարության որոշումը «ֆինանսական հիմք չունի», «մի շարք մարզեր չի էլ հասել», ՀՀ 2011թ. պետական բյուջեի նախագծում ծրագրի իրականացման նպատակով «առանձին միջոցներ նախատեսված չեն», նաև հավելել, որ այսօր Սպիտակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ նույն այդ ծրագրով լինելու է ծառատունկ:
«Հայկական ժամանակը» անդրադարձել է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության թեմային և կարծիք հայտնել, որ չնայած դա «քաղաքակիրթ երկրների համար բազմաթիվ խնդիրներ» է լուծում, սակայն, «քանի որ ապահովագրությունը կանցնի... արտոնյալների վերահսկողության տակ», ուստի «դրանից ոչ մի լավ բան չի ստացվի»:
«Կապիտալը» գրել է, որ կառավարությունը հանդես է եկել մի նախաձեռնությամբ, որով «ցանկանում է սահմանել կոնյակի իրացման նվազագույն գին», և այդ դեպքում այլևս «1000 դրամանոց կոնյակ չի լինի»:
«Հայոց աշխարհը» հարցադրում է առաջարկել, թե «ինչի մասին է վկայում հարկային մուտքերի աճը» և վկայություններին հավելել իր լավատեսական ենթադրությունը, որ «առաջիկա ամիսներին հարկային եկամուտների աճի նախորդ շրջանի դինամիկան դարձյալ կվերականգնվի», ինչը նաև հաջորդ տարվա բյուջեի «բարեհաջող մեկնարկի» լավ հիմք է: